Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք ամենևին չեն ուզում զեթ մի րոպե զգացմունքով ապրել։

— Տղամարդուն այդպես էլ վայել է, հապա՛,— նկատեց Մարությանը։— Հենց որ տղամարդն սկսեց ապրել զգացմունքներով կամ, ուրիշ խոսքով ասած՝ վերացական աշխարհի մեջ, նա այլևս տղամարդ չէ, նա կին է։

— Նախ, խնդրում եմ, հայրիկ, հարգանքով խոսես կնոջ մասին։ Նկատիր, որ ես կատակով չեմ ասում այս։ Հետո... ինչո՞ւ վերացական աշխարհի մեջ։ Մի՞թե զգացմունքներով ապրելը նշանակում է վերացական աշխարհի մեջ ապրել։

— Հապա ի՞նչ։

— Հապա ա՛յն, որ զգացմունքներով ապրել, նշանակում է զգալ, կարեկցել, քարասիրտ չլինել։

— Ես այդպես չեմ հասկանում։

Եվան բարկացած նայեց հորը և ուզում էր, ըստ երևույթին, տաքացած խոսել, բայց հանգիստ կերպով դարձավ Շահյանին։

— Տեսնո՞ւմ եք,— ասաց նա. — մենք միշտ այսպես ենք վիճաբանում իրար հետ. հայրս միշտ հակառակում է ինձ։

— Զարմանալի է. այդ ինչի՞ցն է, որ դու իրավունք ունիս հակառակել քո հորը, իսկ ես, որ քո հայրն եմ, պետք է զրկվեմ այդ իրավունքից,— նկատեց Մարությանը և աչքով արեց Շահյանին։

— Է՛հ,— զայրագին պատասխանեց Եվան, ձեռքը խփելով ծնկանը, և լռեց։

Շահյանը նկատեց, որ Մարությանը կատակով է վիճաբանում աղջկա հետ և սիրում է նրան բարկացնել:

7

Անցել էր մոտ երկու ժամ, որ Շահյանը նստած էր Մարությանների հյուրասենյակում։ Եվան հենց նոր դուրս էր գնացել թեյի պատրաստություն տեսնելու, երբ լսվեց դռան զանգակի ձայնը։

— Աշխենն է,— ասաց Թեկլեն։

— Տանը չէ՞ր։ Ո՞ւր է գնացել,— հարցրեց Մարությանը։