Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանապարհ ընկնեմ դեպի մեր գյուղը. հայրս հիվանդ է. նա կանչել է ինձ այն նամակով, որ անցյալ օրը դուք հանձնեցիք ինձ... Այո՛, օրիորդ, ես այստեղից պետք է հեռանամ և գուցե այսուհետև մենք այլևս երբե՛ք չտեսնենք միմյանց... Այդ, իհարկե, այնքան էլ մեծ ցավ չէ, ինչպես և միևնույն կլիներ ձեզ համար՝ ինձ վերջին անգամ տեսնել կամ չտեսնել, բայց և այնպես, այդ գիտենալով հանդերձ, ես ավելի լավ համարեցի լինել քաղաքավարի և գալ ձեզ մոտ՝ առանձնապես տալու ձեզ իմ վերջին հրաժեշտս, թեկուզ դուք ինձ բացարձակապես վռնդելու է՛լ լինեիք . . .

ՍՈՆԱ (առանձին): Ա՜խ, ողորմելի՛...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հիշո՞ւմ եք, օրիորդ, այն երջանիկ ժամանակը, երբ...

ՍՈՆԱ: Ա՜խ... Աստված բարի ճանապարհ տա, գնացե՛ք... (Շտապով դուրս է գնում ձախ դռնից):


ՏԵՍԻԼ X

Արսենյանց, Թորոսյան


ԱՐՍԵՆՅԱՆՑ (մտնում է): Պա՛հ, Թորոսյան... դու այստեղ ե՞ս. ես մտա սենյակդ, այնտեղ չէիր։ Այստեղ մենակ ի՞նչ ես շինում։ (Թորոսյանը քարացածի նման՝ շարունակ նայում է ձախ դռանը): Թո՛րոսյան... քեզ հետ եմ, եղբայրս... ի՞նչ ես այն դռանը նայում... Թո՛րոսյան...

ԹՈՐՈՍՅԱՆ (արագախոսությամբ և բորբոքված): Ինչո՞ւ ես եկել, ինչո՞ւ դու հիմա այստեղ ես, այս տանը։ Աչքումդ լո՞ւյս կա, հո՞տ ես իմացել... Եկել ես, որպեսզի թղթե սիրտդ և յուղալի ձեռքդ առաջարկես այն երկնային արարածին, որ յուր օլիմպիական բարձրությունից ծաղրում է հասարակ մահկանացուներին... Եկել ես, շողոքորթ լեզվովդ աղավնուն դուրս հանես յուր բնից, որպեսզի այնուհետև այլևս բաց չթողնես նրան ճանկերիցդ... Այո՛, նրան ի՜նչ հարկավոր են լուռ տանջանքներն, անքուն գիշերներն և աղոթքները, աղվեսի լեզու— ահա՛ նա ի՛նչ է ուզում... Գնացեք, պարոններ, հաղթանակը ձերն է. դուք անուն ունեք, նա փող ունի, մեկդ արժեք մյուսին, իսկ ես ի՞նչ ունիմ, հա՜, հա՜, հա՜... (Շտապով դուրս է գնում):