Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանված լինելով, վերջը, երբ աղքատացան նրանք, թողեցի նրան. այնպես չէ՞... Չեմ նեղանում, քանի որ այդ ճշմարիտ է։ Ի՛նչ ուզում եք ասացեք, բայց ես մեծ հիմարություն եմ համարում կյանքի ներկա ծանր պայմաններում ամուսնանալ դառ ու դատարկ աղջկա հետ, քանի որ փողավորների հետ կարելի է ամուսնանալ։ Դուք հակառակ եք, չէ՞, ինձ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ա՜խ, ամենևին. ես համաձայն եմ ձեզ հետ... (Արսենյանցին): Դե, թանաք տուր, է՜, ինձ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՛յ, եղբայր, ասացի առանձնասենյակումս է։ Գնա՛, էլի՛։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ներեցեք ինձ: (Դուրս է գնում ձախ դռնից):


ՏԵՍԻԼ VI

Ալեքսանդր, Արսենյանց

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Ցածր): Այս այն հիմարը չէ՞:

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Ցածր ծիծաղելով): Չէ՛, հիմա խելոքացել է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Հա՛, լսիր ինչ եմ ասում. չունե՞ս, ձեռաց մի քսան ռուբլի փող տաս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ ես անում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Մատանիք եմ առնում, փողս պակասեց, էլ չուզեցի տուն գնալ, հեռու է, ձեռաց քեզ մոտ վազեցի։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չլինի՞ թե արդեն նշանվում ես։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Իհարկե։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ե՞րբ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Դե, էգուց, է՜լի, չգիտե՞ս։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ե՞րբ ես ասել, որ գիտենամ: Ուրեմն լավ քեֆ կանենք էգուց, հը՞։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Անպատճառ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բայց երեսուն հազարումը լավ ընկար, ա՜յ, լոթի։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Աչքն էլ չես հանի՞լ... բաս խո Թաթուլյանի աղքատ աղջիկը չէի առնիլ։