Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԵՏՐՈՍ։ Այստեղ տաք է։ Մեր տանը ցուրտ է։ Այսօր առավոտյան Կարապետ Նիկիտիչը պատահեց ինձ փողոցում, ասեց, որ էգուց անցնեմ յուր մագազինի կողմը։ Գիտեմ, փող կտա. կգնամ մեկ սայլ փայտ կառնեմ, առժամանակ մեզ բավական կլինի, իսկ հետո, երևի, աստված մեզ չի մոռանալ... Դու խո ճանաչո՞ւմ ես Կարապետ Նիկիտիչին. ամենապատվական և ամենաազնիվ մարդն է... Իմ բոլոր ծանոթներիս մեջ միայն դա է, որ ինձանից չի փախչում և հարկավոր եղած ժամանակը օգնում է, որքան կարողանում է։ Ես շատ և շատ շնորհակալ եմ նրանից, նա որ չլինի, մեր ապրուստը շատ կդժվարանա... չէ՞, սիրելիս... ախր քո խեղճ մայրը կար անելով — չնայելով որ օր ու գիշեր աչքի լույսը խավարեցնում է — ի՞նչ պետք է աշխատի, որ այս ձյուն ու ձմռանը մեզ բավականանա... Հետո, քեզ համար տաք վերարկու պետք է գնվի... մարդ էլ տաք հագնելու ոչինչ չունի... իմ կոշիկներս էլ մաշվել է, բայց ոչինչ, ես այսպես էլ յոլա կգնամ, միայն թե դուք լավ լինեք... Աստված տա, մեկ դու առողջանաս, այնուհետև ես ոչինչ դարդ չեմ ունենա... Է՛հ, հարստություն էր, կորավ գնաց, գլուխը քարը... Ինչ ուզում է լինի, էլի աստված իր ստեղծածին չի մոռանալ... Աշխարհք է, այսօր այսպես կլինի, էգուց այնպես, բայց աստված արթուն հովվի պես միշտ կհսկի իր ստեղծածներին... Աստված խո մարդ չէ, որ տեսնելով իր ընկերոջ թշվառությունն, ասի նրան.— գնա, հեռացի՛ր, ես քեզ չեմ ճանաչում, ես ի՞նչ գործ ունեմ քեզ հետ. քո թշվառության պատճառը դու ես, գնա դու ինքդ էլ քաշիր պատիժը... Չէ՛, սիրելիս, աստծու համար իզուր չեն ասում ամենաողորմած և երկայնամիտ, նա միշտ, միշտ խղճում է յուր ստեղծածներին իրենց թշվառության ժամանակ, ինչքան էլ այդ թշվառության պատճառը դարձյալ իրենք լինեին... միայն հավա՛տ է հարկավոր, հոգիս, հավա՛տ, ճշմարի՛տ հավատ...— Գիտե՞ս ի՛նչ է հավատը։— Դու զգացե՞լ ես, որ մի որևիցե գործած սխալմունքիդ համար խիղճդ տանջում է քեզ.— ահա ա՛յդ է հավատը։ Դու զգացե՞լ ես, որ թշնամիներիդ չես ատում.— ահա ա՛յդ է հավատը։ Դու զգացե՞լ ես, որ քեզ թշվառացնողներին չես անիծում,— ահա ա՛յդ է հավատը։ Վերջապես, դու զգացե՞լ ես, որ երբ աղոթք ես անում, հոգիդ