Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԶԱՏՅԱՆ։

Մի՞թե դժգոհ եք։

ՍՏԵՓԱՆՈՍ։

Ընդհակառակը,— ես շնորհակալ եմ.
Բայց դուք գիտեք, որ ոչինչ ավելի
Անտանելի չէ, որքան անհամբեր
Մեկին սպասելը։ Եվ այժմ եթե
Դուք ինձ առաջուց որդուս գալուստը
Բնավ չհայտնեիք, ես այժմ ինձ համար
Հանգիստ կլինեի։ Բայց այժմ սիրտս,
Թեպետև ուրախ, բայց սարսափելի
Անհամբերությամբ սպասում է նրան։

ԱԶԱՏՅԱՆ։

Ես մի կարևոր տեղ պիտի գնայի,
Բայց գնալուց առաջ լավ համարեցի
Որդուդ գալուստը ձեզ ավետելու։
Բայց և, իհարկե, նա շատ շուտ կգա,
Ինչպես ասել էր այդ ընկերոջս։
Ցտեսություն ձեզ, պարոն Ստեփանոս։
Ես ևս սաստիկ անհամբերությամբ
Ցանկանում եմ նրան շուտափույթ տեսնել։

ՍՏԵՓԱՆՈՍ։

Հետո, իհարկե, կանցնեք մեր կողմը։

ԱԶԱՏՅԱՆ։

Անպատճառ կանցնեմ։
(Դուրս է գնում):