— Սպասիր, հայրիկ ջան, մի ծիծաղիր. մենք սկսել ենք լավ նյութի մասին խոսել: Այ, թող պարոն Շահյանն ասի։ Պարոն Շահյան, ի՞նչ եք կարծում, խարազ Զաքարի Բոլնիս գնալը հիմարությո՞ւն է, թե հավատ։
— Ես չեմ ճանաչում խարազ Զաքարին։
— Հարկ էլ չկա ճանաչելու։ Ընդունեցեք մի հասարակ արհեստավոր, որը ծանրաբեռնված է բազմամարդ ընտանիքով և օր աշխատում է, օր ուտում, իսկ այն օրը, որ ոչինչ չի աշխատում, քաղցած է մնում իր ընտանիքով։ Այդպիսի մի մարդու ուխտ գնալը հիմարությո՞ւն է, թե հավատ։
— Ասա՝ այս ցրտերին և Բոլնիսի պես վաթսուն վերստ հեռու տեղ ուխտ գնալը,— նկատեց Մարությանը։
— Այո, այս ցրտերին և Բոլնիսի պես վաթսուն վերստ հեռու տեղ ուխտ գնալն այդպիսի մարդու համար հիմարությո՞ւն է, թե հավատ։
— Այդ պետք է իրեն՝ խարազ Զաքարին հարցնել,— ոչ իսկույն պատասխանեց Շահյանը և ծիծաղեց։
— Դժբախտաբար, այս րոպեիս նա Բոլնիսումն է. ես ձեր կարծիքն եմ հարցնում, պարոն Շահյան։
Շահյանի դեմքը լարված մտքի արտահայտություն ստացավ։
— Իմ կարծիքով... հիմարություն չէ,— ասաց նա։
— Ուրեմն հավա՞տ։
— Ոչ էլ հավատ։
— Հապա՞։
— Նախապաշարմունք միայն։
— Այդ, կարծեմ, մայրիկս էլ ասաց։
— Դե, հիմար նախապաշարմունք է, բաս ի՞նչ է,— զայրացած կանչեց Թեկլեն։— Ի՞նչ է նշանակում մանր-մունր երեխաներին առնել ու գնալ այս ցրտերին մի քանի օր վայր ընկնել բաց երկնքի տակ։ Հիմարությունից էլ վատ։ Դեռ չեմ ասում, որ նրանք տաք շոր էլ չունին հագնելու։
— Ա՛յ, ա՛յ, մայրիկը մոտեցավ խնդրի լուծմանը։ Հենց այդ պատճառով էլ ասում եմ, մայրիկ ջան, որ խարազ Զաքարի Բոլնիս գնալը հավատից է, և ոչ թե հիմարությունից կամ նախապաշարումից, որովհետև,— լսիր, հայրիկ, ինչ եմ ասում,— որովհետև եթե հավատից և խոր հավատից չլիներ,