Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որոնք շանթում են նայողի սիրտը
Ավելի, քան մի երկնային կայծակ
Եվ որոնց տեսքից արյուն է պաղում—
Ժպտա՛, օհ, ժպտա՜, սիրական քույրիկ․
Անդադար ժպտա։— Քո յուրաքանչյուր
Մեղմիկ ժպիտը, որպես հոգեբուխ
Սրբազան աղոթք թեթևացնում է
Իմ եղբայրական միշտ սիրող սրտիս
Այն ծանրությունը, որ պատճառում է
Քո մռայլ տեսքը։— Ասա՛, քույրիկս
Այսուհետև դու ուրա՞խ կլինիս։
Տալի՞ս ես ինձ խոսք, որ բնավ այլևս
Ոչ մի տխուր գիծ մռայլել չի կարող
Սիրունիկ դեմքդ։— Այդ չնչին բանն եմ
Խնդրում քեզանից։ Տալի՞ս ես ինձ խոսք։

ԱՇԽԵՆ։


Տալիս եմ, եղբայր։

ՍՈՒՐԵՆ,


Բայց, օ՜, եթե դու այդ բանի համար
Պիտ բռնաբարես զգացմունքիդ վրա,
Կեղծավորելով, որպեսզի միայն
Եղբորդ հաճույքը կատարած լինիս,—
Ավելի լավ է ինձ բնավ խոսք չըտաս։

ԱՇԽԵՆ։


Սիրելի՛ եղբայրս, իմ գլխացավին
Իզուր այդպիսի տալիս ես դու մեծ
Նշանակություն։— Շուտով նա կանցնի
Եվ ես դարձյալ նույն Աշխեն — քույրիկդ եմ։

ՍՈՒՐԵՆ։


Եթե միայն իրավ գլխացավդ է
Ուղիղ պատճառը։