Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սխալմունքն ա՛յն է, որ ամեն բանի վրա նայում ենք մեր տեսակետից,— ասաց նա, կարծես յուրաքանչյուր բառն արտասանելուց առաջ կշռադատելով, որպեսզի ամփոփ և կարճ կերպով արտահայտած լինի իր միտքը։— Գուցե այլ կերպ նայել չենք էլ կարող. բայց այդ ճանապարհով, ես կարծում եմ, երբեք չենք հասնիլ ճշմարտությանը։ Եվ պարոն... պարոն Շահյանը, իմ կարծիքով, սխալ չասաց, թե իրեն՝ խարազ Զաքարին պիտի հարցնել՝ ինչո՞ւ է ցրտերին և այդքան հեռու տեղ մանր-մունր երեխաներով ուխտ գնացել խաչի դուռը, թեև պարոնը, ինչպես նկատեցի, կատակով ասաց այդ և հետո փոխեց իր խոսքը։ Մայրս սաստիկ նախապաշարված էր... այսինքն ուզում եմ ասել խիստ հավատացող կին էր և անկեղծ նեղանում էր, երբ ես ասում էի նրան, որ խաչերին ուխտ գնալն անօգուտ բան է, որ երազները դատարկ բաներ են և այլն։ Հիշում եմ. երկար ժամանակ նրա աչքերը ցավում էին. ուխտեց յոթ անգամ բոբիկ ոտով Ծաղկեվանք գնալ, գնաց և առողջացավ։

— Եվ ինչի՞ց, հայրիկ,— վրա բերեց Եվան, նորից ջգրացնելով հորը.— հավատից, իհարկե, և ոչ թե քո ասած հի...

Նա հանկարծ կծեց շրթունքը և սաստիկ կարմրեց։

Հայրը հասկացավ նրան և շինծու խստությամբ շարժվեց նստած տեղում։

— Իի՞նչ... ինչ էիր ուզում ասե՞լ...

Եվան ոտը զայրացած խփեց հատակին։

— Է՛հ, գնա՛ է՜... այնքան կռվում ես հետս, որ վերջը հիմարացնում ես։

— Իմացա՞ք, պարոն Շահյան, լսեցի՞ք... Լսեցի՞ք՝ աղջիկս, հարազատ աղջիկս ի՛նչ էր ուզում ասել ինձ... ի՜նձ, իր հարազատ հո՜րը...

— Ո՜ւֆ, ի՛նչ անտանելի հայրիկ ես... ես չեմ կարող քեզ լսել։

Եվ Եվան, աչքերը զայրույթի արցունքով լցված, վեր թռավ տեղից և դուրս փախավ։

Հայրը բարձրաձայն ծիծաղեց նրա ետևից։

Ամենքը հասկացել էին, թե բանն ինչումն է, և խնդում էին: