— Հա՛, ծիծաղեցեք, ծիծաղեցեք,— մի րոպեից ներս մտնելով, ասաց Եվան և խռովածի պես նստեց հեռու։— Ձեր ջիգրու ես այլևս չեմ խոսիլ:
— Այդ ավելի լավ,— նկատեց Մարությանը,— այլևս չես վիրավորիլ հորդ։
— Երբ որ այդպես է, է՛լի կխոսեմ։
— Այսինքն՝ է՛լի կվիրավորես հորդ։
— Ո՛ւֆ... Հայրի՛կ, դու իսկապես որ անտանելի հայրիկ ես եղել: Ուզում ես որ քաշվեմ սենյակս և այլևս դուրս չգա՞մ այս երեկո այստեղ:
— Լավ, բավական է,— լրջությամբ նկատեց մայրն աղջկան, առաջինը վերջ տալ ուզելով կատակին։— Թեյն ի՞նչ եղավ։
— Ես գործ չունեմ թեյի հետ։
— Զարմանալի է. համ վիրավորում ես, համ էլ ինքդ ես բարկանում,— նկատեց հայրը ծիծաղելով։
— Քեզ հետ չե՛մ խոսում, հայրիկ։
— Գոնե առանց թեյի մի՛ թողնիր։
— Կասեմ, որ թեյն այստեղ բերեն։
Եվան վեր կացավ, դուրս գնաց և վերադարձավ աղախնի հետ, որն արծաթե մատուցարանով բերում էր թեյը։ Խռովածի պես նա դարձյալ նստեց հեռու, բայց թեյ առավ։
— Եթե խռոված ես, թեյ էլ չպետք է խմես,— նկատեց հայրը։
Եվան ոչինչ չպատասխանեց։
Կարճ ժամանակ լռություն տիրեց, որի միջոցին ամենքը ժպտալով նայում էին Եվային, իսկ Եվան ոչ ոքի չէր նայում և նստած էր ուռած-փքված։
— Եվա,— կանչեց Աշխենը:
— Ի՞նչ է:
— Երեկ ես Վարոյի մոտ էի: Ասաց, որ ինքը և իրենց մի քանի վարժուհիներ թատերասերների հետ ուզում են մի ներկայացում տալ բարեգործական նպատակով։ Հարմար են դատել խաղալ «Ռուզան», բայց Ռուզանի դերը կատարող չեն ճարում։ Արի դու վերցրու այդ դերը: