Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ՍԻՍԱԿՅԱՆ.— Ոչ թե կարծում, այլ իսկապես սիրահարվել եմ։ Աստված է վկա։ Սիրահարված որ չլինեմ, այս ժամին ինչո՞ւ պետք է գայի քեզ մոտ։ Տուն գնացի, բայց մենակ սիրտս չդիմացավ և դուրս եկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Լավ։ Հետո նա՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ո՞վ, Սառա՞ն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Անունը Սառա է՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հետո Սառա՞ն, հավանե՞ց քեզ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Հանկարծակի եկած): Հը՞... (Շփոթվում է, նախ չիմանալով ինչ պատասխան տա, հետո հանկարծ վրա է բերում ինքնավստահորեն): Իհարկե, եթե նշանս ընդունեց, կնշանակի հավանել էր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Վնաս չունի, թեև սիրահարված ես, բայց և այնպես լոգիկայով ես խոսում։ Բայց ինձ ասա տեսնեմ ի՞նչպիսի աղջիկ է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Շատ խելոք աղջիկ է։ Ինձնից էլ խելոք։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ասենք քեզնից խելոք լինելը մի մեծ առավելություն չէ մինչև անգամ մի աղջկա համար...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Քեզնից էլ խելոք կլինի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ծիծաղում է): Ա՛յ, այդ ուրիշ բան է...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Աստված է վկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Շարունակելով ծիծաղը): Հիմար, ինչո՞ւ ես երդվում, կարծում ես չեմ հավատո՞ւմ... (Լուրջ): Հետո... ինչ էի ուզում հարցնել... Հա՛, սիրո՞ւն է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Հիասքանչումով): Օ՜, չափազա՜նց, չափազա՜նց...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Կարո՞ղ ես նկարագրել նրա արտաքինը։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Կարող եմ, բայց չեմ նկարագրի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Որովհետև... Դու կարդացե՞լ ես երևելի հումորիստ Սուրենի ինքնակենսագրությունը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Չէ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նա սիրահարված է լինում մի աղջկա վրա և ուզում է այդ աղջկա նկարագիրը տալ ընթերցողին, բայց դրա փոխարեն տալիս է յուր գրքի մեջ մի դատարկ երես՝ ներքևը գրած այսպիսի ծանոթությամբ. «Թող.— ասում է,—