Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս դատարկ երեսի վրա ամեն մի ընթերցող յուր առաջին սիրո առարկայի արտաքին տեսքը նկարագրի։ Ես վախենում եմ,— ասում է,— որ ընթերցողներս չհավանեն իմ նկարագիրը։ Եթե ասեմ, որ իմ սիրած աղջիկը շիկահեր էր, սևահեր կին սիրողը կասի՝ «Լա՛վ, ի՛նչ մի գեղեցիկ բան է շեկ մազերը»։ Եթե ասեմ, որ նրա մազերը սև էին սաթի պես, քիթները վեր կքաշեին ոսկեգույն մազեր սիրողները։ Դրեք այստեղ,— ասում է,— ձեր սիրած աղջկա նկարագիրը։ Այդպես էր և իմ սիրած աղջիկը։ Ուրեմն,— ասում է,— կարող եք երևակայել, թե որքան սիրուն էր նա»։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բռա՜վո, այդ լավ բաներ ես իմացել։ Բայց ի՞նչպես պատահեց այդ բանը։ Դու ինձ ոչինչ չես ասել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչը ինչպես պատահեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ։— Այսինքն՝ ի՞նչպես եղավ, որ նշանվեցիր։ Պատմիր մանրամասնորեն։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Մանրամասնություններ կա՞ն, որ պատմեմ։ Պատահեց հանկարծ, ինքս էլ չիմացա ինչպես։ Ա՜յ, ինչպես պատահեց։ Անցյալ շաբաթ փողոցում հանդիպեց հանգուցյալ հորս հին բարեկամներից մեկը, որ մի ժամանակ գավառական պրիստավ էր և այժմ ծառայում է այստեղ, չգիտեմ որտեղ։ Դու չես ճանաչիլ։ Սովորական հարց ու փորձից հետո հարցրեց ամուսնացա՞ծ եմ։ Ասացի՝ չէ։ Ասաց՝ կուզե՞ս քեզ համար մի լավ աղջիկ ճարեմ։ Ասացի՝ ինչո՞ւ չեմ ուզիլ։ Կատակով, գիտե՞ս։ Ասաց՝ լավ։ Ու գնաց։ Հետո, երեկ դարձյալ հանդիպեց։ Ասաց՝ դե՛հ, պատրաստվիր, որ էգուց երեկոյան պետք է գամ քեզ տանեմ նշան տալու, մի լավ աղջիկ եմ ճարել՝ ասաց։ Ասացի՝ լավ։ Էլի կատակով, գիտես, որովհետև նրա ասածները ես կատակի տեղ էի ընդունում։ Բայց կարող ես երևակայել զարմանքս, որ երեկոյան ճիշտ որ եկավ ինձ մոտ ու ասաց՝ դեհ, վերկաց գնանք։— Ո՞ւր,— ասում եմ։ «Նշան տալու» ասում է։ Թողեք ի սեր աստծո,— ասում եմ — ես ամուսնանալու միտք չունեմ։ Չէ՛ որ չէ, կպավ ու պոկ չեկավ։ Այստեղ միայն հայտնեց, որ յուր աղջիկն է ուզում ինձ տալ։ Խո գիտես, որ ես թեև հիմար եմ, բայց շատ չեմ հիմար։ Մտածեցի՝ տո՛, չլինի՝ թե սա փտած աղջիկ ունի և ուզում է սաղացնի ինձ վրա։— Լավ,— ասացի,— ես այստեղ