Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի բարեկամ ունեմ,— քեզ համար էի ասում,— թողեք նրան էլ հետս վերցնեմ։ «Ուզում ես տասը բարեկամ բեր» ասաց։ Բայց հետո ես ինքս հրաժարվեցի այդ մտքից, որովհետև մտածում էի, թե բանն անհաջող գնար, էլ ո՞վ կպրծներ քո ծաղր ու ծանակից։ Այդ պատճառով քեզ իմաց չտվի ու մենակ գնացի։ Ճանապարհին ամենայն դեպս երկու մատանի առա ու գնացինք։ Ոչ ոք չկար. ես էի, աղջիկը և հայրն ու մայրը։ Ասենք հայրն ու մայրը նրա ծնողները չեն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչպես թե նրա ծնողները չեն։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նրա ծնողները չեն, էլի՛։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ուրեմն աղջիկը նրանց որդեգրուհի՞ն է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չէ, օրինավոր զավակն է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ ես ասում, տո՛, խելքդ գլխիդ է՞։ Ի՞նչպես թե հայր ու մայրը աղջկա ծնողները չեն և, միևնույն ժամանակ, աղջիկը նրանց օրինավոր զավակն է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ա՛յ, ինչպես։ Սառան աներոջս խորթ զավակն է։ Այսինքն՝ աներս յուր այժմյան կնոջից առաջ ունեցել է մի կին, և Սառան այդ կնոջից է, բայց ուրիշ ամուսնուց, որի մահից հետո նա, այսինքն՝ Սառայի իսկական մայրը, ամուսնացել է աներոջս հետ, իսկ հետո ինքն էլ, այսինքն Սառայի իսկական մայրը, վախճանվել է, և նրա խորթ հայրը, այսինքն՝ աներս, ամուսնացել է յուր այժմյան կնոջ հետ։ Հասկացա՞ր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դու մի բարդ խնդիր դրիր առաջս, որից գլուխս կկտրեմ, թե մարդ առանց թուղթ ու մատիտի բան կարողանա հասկանալ։ Ինչևիցե։ Հետո՞։

ՍԻՍԱԿՅԱն.— Հետո նշան տվի, է՛լի։ Հետո նստեցինք ընթրելու: Կերանք, խմեցինք։ Քո կենացն էլ անուշ արինք իբրև խաչեղբոր, որովհետև այնտեղ վճռեցի, որ խաչեղբայրս դու պետք է լինես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Շատ շնորհակալ եմ այդ պատվի համար։ Բայց դու պատմիր՝ ի՞նչպես ծանոթացար աղջկա հետ։ Ի՞նչ խոսեցիք։ Ի՞նչպես հանկարծ սիրահարվեցիր նրա վրա, վերջապես ի՞նչպես հայտնեցիր սերդ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ես նրան սեր չեմ հայտնել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հապա՞։