Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իբրև «плленной мысли раздражение», ինչպես ասում է բանաստեղծը, բայց և այնպես ինքս մասամբ փիլիսոփա եմ, այսպես ասած՝ էպիկուրյան կարգի փիլիսոփաներից։ Եվ իմ այդ կարգի փիլիսոփայական ուղեղով ես հսկայական հիմարներ եմ համարում առհասարակ այն մարդկանց, որոնք ներկան զոհում են ապագայի համար։ Մի ընկեր ունեմ ուսանողներից, գրպանում որ մի մանեթ ունենա, մի կոպեկ չի ծախսիլ. ասում է՝ վաղը քաղցած կմնամ, բայց մոռանում է, որ այսօր քաղցած է մնում։ Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը։ Ապագա չկա, որովհետև անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը բնականաբար, հիմարություն է։ Բացի դրանից դա անվստահության, վախկոտության նշան էլ է. մի գուցե, եթե այսօր այսպես անեմ, վաղն այնպես լինի, ու այսօր չեն անում ա՛յն, ինչ որ իրենց սիրտը ցանկանում է։ (Գինի է խմում):. Ի՞նչ է կյանքը։ Կամ, ավելի ճիշտ ի՞նչ պետք է լինի կյանքը.— րոպեական հաճույք է։ Է՛հ, երբ որ սրտիդ այս րոպեի թելադրածը չես անում ինչ-որ վաղվան հաշիվներով, էլ ինչո՞ւ ես ապրում։ Այդպիսով, իբր թե խոհեմությամբ,— ա՛յ, մի ուրիշ բառ, որ նույնպես չեմ հասկանում,— իբր թե խոհեմությամբ, բայց իսկապես վախկոտությամբ, միշտ չես անիլ այն, որ ցանկանում ես անել, միշտ կզսպես քեզ, իսկ հետո, մեկ էլ տեսար մեռել ես։ Մահվան գաղափարը խելացի մարդու համար մեծ խթան պետք է լինի ամեն բան անելու, այսինքն ա՛յն ամենը, ինչ որ իրեն հաճելի է։ Այսօր թե վաղը պետք է մեռնեմ, չէ՞, է՛հ, երբ որ այդպես է, ինչո՞ւ չանեմ այն, ինչ որ ուզում եմ և ինչ որ կարող եմ անել այս րոպեին։ Ես դեռ կանեմ, հետո հե՛րն անիծեմ, ինչ ուզում է՝ պատահի։ Կրկնում եմ՝ փիլիսոփաների մեջ ամենից խելոքը Էպիկուրն էր. խլիր կյանքից ա՛յն ամենը, ինչ որ հաճելի է քեզ և ինչ որ կարող ես, և ո՛չ մի բանի մասին մի մտածիր։ (Գինի է ածում): Այս էլ աստված լուսավորի նրա հոգին։ (Խմում է):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բայց դու սխալվում ես։ Էպիկուրն այդպիսի բան չի ասել, դու միայն կրկնում ես ստոիկների զրպարտությունը նրա դեմ։

ԹՈՒՍՅԱՆ.— Ի՞նչպես։