ընծա: Ասա տեսնեմ՝ այն ո՞ր անասունն է, որ ապարանջան է ընծայում յուր էգին։
- Մարգարյանը սաստիկ ծիծաղում է։ Հարևան սենյակից լսվում է նախ մի քչփչոց, հետո կանացի մի անզուսպ ծղրտոց, որն իսկույն էլ լռում է։ Մարգարյանը դադարում է ծիծաղելուց։ Սիսակյանը վեր է կենում անհանգստացած և ականջը լարում դեպի հարևան սենյակի դուռը։ Մարգարյանը զարմացած նայում է նրա դեմքին։ Լռություն։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սա ի՞նչ բան էր։
ՍԻՍԱԿՅԱՆ.— (Կամաց): Այս նրա ձայնն էր, կարծեմ (Միջոց): Երևի մոր հետ էր։ Գիտե՞ս, երեկ երեկո էլ, այս առավոտ էլ նկատեցի, որ մայր ու աղջիկ չունեն իրար հետ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հիմա կռվո՞ւմ էին։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Չգիտեմ... երևի...
Աջ դռնից մտնում է Սոֆիան։ Նրա դեմքին երևամ են զսպված վրդովմունքի նշաններ։
ՍՈՖԻԱ.— Ներողություն, պարոններ, ես այս րոպեին եկա. քրոջս երեխան հանկարծ վատ էր դառել, կանչել էին։ Բարև ձեզ։
ՍԻՍԱԿՅԱՆ.— (Ներկայացնելով Մարգարյանին). Այս իմ բարեկամն է, մեր խաչեղբայրը։
ՍՈՖԻԱ.— Շատ ուրախ եմ։ (Սեղմում է Մարգարյանի ձեռքը): Համեցեք նստեք։ (Ամենքը նստում են): Շա՞տ ժամանակ է շնորհ եք բերել։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ոչ, շատ ժամանակ չէ, որ եկել ենք։
ՍՈՖԻԱ.— Հավատացեք, ես այնպես նեղանում եմ, որ առաջին անգամ շնորհ եք բերում, և ես...