ԲԱՂԻՐՅԱՆ.— (Դիտելով ապարանջանը): Հիանալի՜ բան է, հիանալի՜... Մեկ ակներին նայեցեք (ցույց է տալիս Մարգարյանին): Կարծես աստղեր են վառվում։ Սրան տված կլինես, փեսա... ասեմ ինչքան... երկու հարյուր կամ մինչև... երկու հարյուր հիսուն։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ճիշտ երեք հարյուր է տվել։
ԲԱՂԻՐՅԱՆ.— Արժե, թանկ չէ։ Տեսնո՞ւմ եք այս մեծ ակը, մեջտեղում, սա թանկագին բան է։ Հիանալի է, հիանալի։ (Ապարանջանը դնում է տուփի մեջ և բաց է անում բոնբոնիերը): Այս էլ ուրիշ նվեր։ (Պենսնեն հանում է քթից և մտերմորեն խփում Սիսակյանի ուսին): Ինչպես երևում է, բարեկամ, դու այնքան էլ միամիտ չես եղել, ինչպես ես էի կարծում։ (Լավ դիտելով նրա դեմքը), բայց ի՞նչ է պատահել. քեզ նեղացրե՞լ են։
ՍԻՍԱԿՅԱՆ.— (Լացակումած): Ոչ... ես նեղացրի։
ԲԱՂԻՐՅԱՆ.— (Զարմացած): Ո՞ւմ։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Օրիորդին։
ԲԱՂԻՐՅԱՆ.— Ինչպե՞ս։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Նա բարկացավ ինձ վրա։
ԲԱՂԻՐՅԱՆ.— Ինչո՞ւ։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Չգիտեմ... Կարծեց թե ես ուզում եմ հարցաքննել իրեն, մինչդեռ ես հարցաքննելու ամենևին միտք չեմ ունեցել։ Ես ներողություն խնդրեցի... չներեց... և... (քիչ է մնում, որ լաց լինի):
ԲԱՂԻՐՅԱՆ.— Ա՞յդ միայն։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Հետո... նեղացավ, որ իր հետ դու-ով եմ խոսում...
ԲԱՂԻՐՅԱՆ.— (Ծիծաղում է. հետո ձեռքը մտերմորեն դնելով նրա ուսին՝ կես կատակով, կես լրջությամբ): Բան չկա, սիրելիս, բան չկտ։ Այդպիսի դատարկ բաներին որ ուշադրություն դարձնենք, հա՛, ո՞ւր կերթա։ Դուք դեռ չեք ճանաչում իրար։ Երեկ մեկ, այսօր երկու։ Քանի գնաք, այնքան կճանաչեք, կհասկանաք և կսիրեք իրար։ Այս էլ ասեմ, որ սկզբում կռվելը շատ լավ նշան է. այդ նշանակում է, որ վերջը հոգի չեք խնայի իրար համար։ Ճիշտ է, նա շատ քմահաճ, կամակոր