Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և հպարտ աղջիկ է, բայց և այնքան բարի է, որ քո բարությունը նրա մոտ — զերո։ Քմահաճ է, շատ անգամ կոպիտ, երբեմն ուղղակի կռվարար, տեսնո՞ւմ ես, ես նրա բոլոր պակասություններն ասում եմ, բայց այդ բոլորն արտաքուստ, իսկ սիրտն աղավնու սիրտ է։ (Մարգարյանին): Անցյալ օրը երեսիս այնպիսի կոպիտ խոսքեր ասաց, որ իմ տեղը դուք լինեիք նրա հայրը, դուրս կանեիք տանից։ Պահանջեցի, որ ներողություն խնդրի։ Չխնդրեց և ավելի մեծ կոպտություններ արեց։ Հետևյալ օրը, երբ ես այդ բանը մոռացել էի, մտավ ինձ մոտ և ասաց... ի՞նչ եք կարծում, ի՞նչ ասի, որ հավանեք։ «Ինչո՞ւ ինձ չծեծեցիր», ասաց։ Զարմացա։— Ի՞նչի համար,— ասում եմ։ «Նրա համար,— ասում է,— որ երեկ քեզ վիրավորեցի»։ (Սիսակյանին). Ահա թե ինչպիսի աղջիկ է նա։ Այ, շուտով, աստված տա, կպսակվեք, կապրեք միասին և կտեսնես՝ ճի՞շտ եմ ասում, թե ոչ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ախր ընծայիս էլ ուշադրություն չդարձրեց։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Այս հրաշալի ապարանջանի՞ն։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Օ՜, անհոգ եղիր, անկարելի, անհնարին բան է, որ ուշադրություն դարձրած չլինի։ Կին չէ՞։ Աչքի տակով նայած կլինի։ Բայց այնքան հպարտ, որ այդ ցույց չէր տալ։ Պետք է իմանաս, որ նա շատ խելոք աղջիկ էլ է, շատ գրքեր է կարդացել, օ՜, շա՜տ։ Ա՜յ, այդ կողմից կարող ես վախենալ նրանից։ (Ծիծաղում է):

Մտնում է Սոֆիան։


ՏԵՍԻԼ VI

ԲԱՂԻՐՅԱՆ.— Սոֆիա, դու տեսե՞լ ես մեր փեսայի բերած ընծան։

ՍՈՖԻԱ.— (Նստում է): Ի՞նչ ընծա։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Վա՛հ, դեռ չես տեսե՞լ։ Մեկ նայիր, է՜։ (Ապարանջանը տալիս է նրան):

ՍՈՖԻԱ.— (Դիտելով): Այս ի՜նչ հրաշալի բան է...