Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱՂԻՐՅԱՆ.— Մեկ լավ նայիր ակներին... մեջտեղի մեծը տես... չորս բոլորքինը...

ՍՈՖԻԱ.— Հրաշալի՜ բան է... Ի՞նչ եք տվել, փեսա։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Քաջալերված): Երեք հարյուր ռուբլի։

ՍՈՖԻԱ.— Մի՜թե... Շա՜ա, շա՜տ հրաշալի բան է։

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Մտերմորեն գրկելով Սիսակյանին): Բաս որ ասում էի լավ փեսացու եմ ճարել... (ծիծաղում է):

Սառան մատուցարանով թեյ է բերում, հոնքերը կիտած, առանց ոչ ոքի նայելու, բաժանում է բաժակները։


ՏԵՍԻԼ VII

ԲԱՂԻՐՅԱՆ.— Լսիր, ինչո՞ւ ես բարկացրել փեսացուիդ։ (Սառան չի պատասխանում և մատուցարանը ձեռքին, կանգնած է հոր առաջ, սպասելով, որ նա վերցնի յուր բաժակը): Ինձ նայիր։ Չե՞ս լսում։ Տես ինչ սիրուն բան է բերել քեզ համար։ (Վերցնում է ապարանջանը և ծիծաղելով կամաց խփում նրա կզակին: Սառան մատուցարանը պահում է մի ձեռքով, մյուսով վերցնում վերջին բաժակը դնում հոր առաջ և զսպված կատաղությամբ դիմում է դեպի աջ դուռը): Դե՛, դա արդեն բանի նման չէ։ Դու մեզ բոլորովին խաղք ու խայտառակ ես անում։

ՍԱՌԱ.— Որպեսզի ձեզ խաղք ու խայտառակ չանեմ, մի՛ խոսեք ինձ հետ այնպես, ինչպես երեխայի հետ են խոսում։ (Դուրս է գնում մատուցարանը ձեռքին և դուռը պինդ շրխկացնում յուր ետևից: Սոֆիան, սաստիկ ամոթահար, վեր է կենում շտապով և հետևում նրան):


ՏԵՍԻԼ VIII

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Մարգարյանին ժպտալով): Տեսա՞ք, նոր կոպտություն։ (Սիսակյանին): Տեսնո՞ւմ ես, սիրելիս, ինձ հետ էլ է այդպես վարվում։ Բայց հավատացնում եմ քեզ, այդ խոսքերն են միայն, որ կան, իսկ սիրտն աղավնու սիրտ է։ Ինչպես երևում է, այսօր վատ տրամադրության մեջ է.