Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ բանը երբեմն պատահում է նրան։ Սպասիր, ես նրան կհաշտեցնեմ քեզ հետ։ Դու սիրտդ մի կոտրիր։ (Վեր է կենում և շտապով դուրս գնում աջ դռնից):


ՏԵՍԻԼ IX

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Նստած է ապշած: Երկարատև լռությունից հետո): Գարեգի՞ն... Սա ի՞նչ է... Այդ աղջիկն աննորմալ դրության մեջ է՞, թե՞ մեզ ոչնչի տեղ չի դնում... Եվ դու դրան ես հավանում... Եվ դու դրա՞ ամուսինը պիտի դառնաս.. Ի՞նչ ես պապանձվել. խոսիր է՜։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Սաստիկ ընկճված): Ի՞նչ խոսեմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Մեծ կասկածամտությամբ գլուխը շարժելով): Չէ, բարեկամ, չէ՜... վեր կաց, վեր կաց գնանք։ (Վեր է կենում):

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Զարմացած): Ո՞ւր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչպես թե ուր։ Մի՞թե այս բոլորից հետո դու դեռևս միտք ունես նրա հետ ամուսնանալու։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հապա ի՞նչ անեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչպես թե ինչ անես։ Նա միայն բառերով չասաց, թե վեր կացեք կորեք այստեղից, և դու դեռ հարցնում ես. թե ինչ անե՞ս։ (Միջոց, որի ժամանակ Մարգարյանը նայում է Սիսակյանին գրեթե ապշած, Սիսակյանը նստած է մտամոլոր): Մի՞թե հիրավի դու սիրում ես նրան։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Սիրում եմ նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ա՜յ, զարմանալի մարդ... բայց մի՞թե չես տեսնում, որ նա քեզ չի հավանում։ Եվ ոչ թե միայն քեզ չի հավանում, այլև տեսնել անգամ չէ ուզում քեզ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Բութ համառությամբ): Ի՞նչ անեմ։ Ես սիրում եմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Զսպելով զայրույթը, մտերմորեն): Լսիր, Գարեգին, ինչ եմ ասում։ Նա եթե աննորմալ դրության մեջ չէ, ապա չափազանց կամակոր, կոպիտ և, որ գլխավորն է, չարահոգի աղջիկ է, այնքան չարահոգի, որ ամենևին չի կարողանում զսպել իրեն գոնե լոկ քաղաքավարության համար։ Մինչդեռ նա անկիրթ չէ, հիմար էլ չէ երևում, նրա դեմքը ինտելիգենտ դեմք է։ Հա՛, գեղեցիկ է, խոսք չունեմ, մինչև