անգամ շատ գեղեցիկ. բայց ի՞նչ դուրս եկավ դրանից։ Ես պարզ կերպով տեսնում եմ, որ այդ աղջիկն յուր անտանելի բնավորությամբ մի պատիժ է այս տան մեջ, և նրա ծնողները աշխատում են ռադ անել գլխներից։ Նրա խորամանկ հայրն իր սիրապատիր խոսքերով պարզապես խաբել է քեզ և յուր ծուղակն է գցել։ Ի՞նչ ես նայում այդ ծեր աղվեսի ասածներին. Սառան նույնքան աղավնու սիրտ ունի, որքան դու գայլի սիրտ։ Նա քո ամբողջ կյանքը կթունավորի։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Ես նրան առիթ չեմ տալ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հիմա առիթ տվեցի՞ր, որ այս ֆորտելները սարքեց գլխիդ։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Նա կարծեց թե ուզում եմ հարցաքննել իրեն։ Ես այսուհետև զգույշ կլինեմ, այդպիսի բաներ կարծելու առիթ չեմ տալ։ Հետո՝ դու-ով էի խոսում նրա հետ։ Այսուհետև դուք-ով կխոսեմ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Սրտանց): Փո՛ւ. իդիստ...
ՍԻՍԱԿՅԱՆ.— (Վիրավորված): Խնդրե՜մ... ես իդիստ չեմ...
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դու ոչ միայն իդիստ ես, այլև, կարելի է ասել, իդիստների թագավորը։
ՍԻՍԱԿՅԱՆ.— (Հանկարծ վեր կենալով, տաքացած): Լա՛վ, ի՞նչ ես ուզում անեմ։ Թողնե՞մ նրան։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Իհա՛րկե, հիմար։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչի՞ համար։ Չէ՛, մի ասա տեսնեմ՝ ինչի՞ համար։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Որ ասում եմ իդիստ ես։ Էլի ասե՞մ, ինչ որ այս րոպեիս ասացի։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինձ չի հավանում, չէ՞։ Լա՛վ։ Հապա ինչո՞ւ մատանիս ընդունեց։ Չէր ճանաչում ինձ այդ ժամանակ, չէ՞։ Լա՛վ։ Հիմա խո ճանաչե՞ց.
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո՛, ճանաչեց, և տեսար, որ ոչ բերած ապարանջանիդ վրա թքեց, ոչ էլ բոնբոնիերիդ և դեռ քիչ մնաց, որ գիրքն էլ գլխովդ տար։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո, ճիշտ է, նա ոչ ապարանջանին ուշադրություն դարձրեց, ոչ էլ բոնբոնիերին և գիրքն էլ շպրտեց այնտեղ։ Բայց խո մատանին դեռ մատի՞ն էր։ Հը՞, խո մատին է՞ր։ Տեսա՞ր, թե ոչ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ասենք, չեմ նայել, որ տեսնեի...