Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար փախչում է ծնողական տնից և գնում է թշնամու բանակը։ Այդ տեսարանումն է, կարծեմ, արտասանում նա այն մենախոսությունը, որի մեջ ասում է...

Նա լռեց և մատը դրեց ճակատին։

Շահյանն ազատ շունչ քաշեց. նա տեսավ, որ ոչ մի հիմարություն դուրս չի տվել։

— ... որի մեջ ասում է. «... և այս սահմանի վրա ա՛ռ իմ հոգին»։— Աստծուն է դիմում։ «Թող այս սահմանը լինի իմ գերեզմանը... և այլն։ Ես, իհարկե, չեմ կարող այդ մենախոսությունն արտասանել այնպե՛ս, ինչպես որ բնագրի մեջ է գրված, որովհետև միայն ներկայացումն եմ տեսել։ Մենախոսությունը կարտասանեմ և շատ բան էլ ինձնից կսարքեմ, բավական է, որ ես հասկանում եմ Ռուզանի դրության հոգեբանությունը և գիտեմ, թե անձնական ինչպիսի ծանր զոհաբերություն է անում նա իր հայրենիքը փրկելու համար։ Մայրիկ ջան, թույլ կտա՞ս, որ գոնե մեր տանը բեմ դուրս գամ։

Մայրն, առանց կատակի, ընդդիմացավ, աստված գիտե, թե ինչու, այդ բանը նրա հասակին անվայել երեխայություն համարելով։ Աշխենն սկսեց թախանձել Թեկլեին, որ թույլ տա։ Շահյանն էլ իր կողմից մի քանի անգամ «խնդրում եմ, տիկին, խնդրում եմ» ասաց։ Մարությանը դիտմամբ լռում էր։

— Այստեղ տարաձայնություններ կան,— ասաց Եվան։— Ավելի լավ է, ձայն հավաքենք։ Խնդրում եմ, մի նեղանար, մայրիկ ջան. տարաձայնությունները միշտ տարաձայնություններով են վճռում։ Պարոններ, ով ուզում է, որ ես արտասանեմ Ռուզանի մենախոսությունը, թող մատ բարձրացնի։

Մատ բարձրացրին միայն Աշխենն ու Շահյանը։

— Մեկ, երկու,— համարեց Եվան։— Երկու հոգի ցանկանում են, չի ցանկանում միայն մի հոգի — մայրիկս։

— Հապա ե՞ս,— բացականչեց Մարությանը։— Ես էլ, ախր, մատ չբարձրացրի։

— Դու ձայն չունես, հայրիկ, ասացիր, որ լուռ ես։

— Դա՞ ինչ է նշանակում, դա՞ ինչ բռնություն է։ Ես բողոքում եմ։ Դու իրավունք չունես ինձ զրկելու ձայնի իրավունքից։