Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդ եմ, հյուր եմ եկել առաջին անգամ, և իմ ներկայությամբ... ո՛չ, ներողություն կանես։ Ես քեզ պես փտած ջղեր չունեմ և զուրկ չեմ ինքնասիրությունից։ Դու ուզում ես մնալ՝ մնա, իսկ ես չեմ կարող։ Բարի գիշեր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Պահելով նրան): Միքայե՛լ, ի՞նչ ես անում... իսեր աստծո... ի՞նչ կասեն... ես կմեռնեմ ամոթից...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դու ինչո՞ւ ես մեռնում ամոթից։ Թե որ հասկացող են, թող նրանք ամաչեն, որ հյուրը ստիպված է լինում փախչել։ Ահա տեսնում ես, մեզ թողել են այստեղ մենակ, և իրենք հեռացել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Լավ, ի՞նչ ասեմ, որ գան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչ ուզում ես՝ ասա։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Եվ դու այդ բանն անքաղաքավարություն չե՞ս համարում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Կոպիտ մարդկանց հետ պետք է կոպիտ կերպով վարվել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Կաց, գոնե թեյ խմիր, հետո...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Թեյը դու անուշ արա, թե որ ախորժակ ունես։ Բարի գիշեր։ (Դուրս է գնում դիմացի դռնից):

Սիսակյանը սաստիկ մտատանջության մեջ ման է գալիս սենյակում, անհամբեր և վախկոտ հայացքներ ձգելով աջ դռան կողմը։ Ժպտալով մտնում է Բաղիրյանը։


ՏԵՍԻԼ X

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Հանկարծ նկատելով Մարգարյանի բացակայաթյունը, զարմանում է): Ա՞յս ինչ է, դու մենա՞կ ես մնացել։ Ո՞ւր է ընկերդ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Շփոթված): Գնաց...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Գնա՞ց։ Ո՞ւր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Գործ ուներ... էլի կգա...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Հա՛, երևի մոտիկ տեղ գնաց։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո... այստեղ... մոտիկ...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Թեյն էլ չի խմել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո... հանկարծ միտն եկավ... շտապում էր...