այնուամենայնիվ ես չեմ բարկանում նրա վրա, այլ միշտ կատակով, միշտ ծիծաղելով աշխատում եմ... Թեյը սառն է, վերցրու... միշտ կատակով. միշտ ծիծաղով աշխատում եմ բանն անցկացնել։ Հիմա, երևակայիր, այնքան խեղճացել է, որ ամաչում է դուրս գալ։ Իսկ քո բարեկամը... Ճի՞շտ, նեղացա՞վ։ Եվ չի՞ գալ։
ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։
ԲԱՂԻՐՅԱՆ— Ափսոս։ Ես կուզեի նրա հետ խոսել... Ինչևիցե։ (Կանչում է): Սոֆիա, Սառա, եկեք, թեյը սառեց։ (Սիսակյանին): Այդ բանը չպետք է նրանց ասել։
ՍՈՖԻԱ.— (Մտնում է և տեսնելով, որ Մարգարյանը չկա): Ո՞րտեղ է պարոնը։
ԲԱՂԻՐՅԱՆ.— Պարոն Մարգարյանը ձեռաց գնացել է մի տեղ, շուտով կգա։ (Դիմացի դուռը ծեծում են):
ՍՈՖԻԱ.— Ա՛յ, երևի նա է։ (Բաց է անում դուռը: Շեմքում երևում է Թուսյանը):
ԹՈՒՍՅԱՆ.— Ներեցեք։ Այստե՞ղ է կենում պարոն Հակոբ Բաղիրյանը։
ԲԱՂԻՐՅԱՆ.— (Դնում է պենսնեն և վեր կենում): Ես եմ. ի՞նչ եք կամենում։
ՍՈՖԻԱ.— Համեցեք ներս։
ԹՈՒՍՅԱՆ.— (Մտնում է): Երկու օր է, ման եմ գալիս ձեզ, հազիվ գտա։ Ես գալիս եմ Պետերբուրգից։ Այնտեղ դուք մի ազգական ունեք երաժշտական դպրոցի ուսանող...
ԲԱՂԻՐՅԱՆ.— Երաժշտական դպրոցի ուսանո՞ղ։
ԹՈՒՍՅԱՆ.— Խոսրոյան Վարդգես ազգանունով։
ԲԱՂԻՐՅԱՆ.— (Հանկարծ): Հա՛, հա՛, քրոջս տղան... ի՞նչ կա։