Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենում, պետք է տանես ինձ քեզ մոտ»։ Շատ էլ չէր ուզում, բայց ի՞նչ կարող էր անել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչո՞ւ չէր ուզում։

ԹՈՒՍՅԱՆ.— Նախանձոտ էր երևում անիծածը։ Կնոջը տեսե՞լ ես։ Մի քիչ պառավ է, բայց վնաս չունի... հիանալի բյուստ ունի և շատ սիրուն էլ հագնվում է։ Ինքն էլ ասող, խոսող, կրակոտ... Իսկույն գտա թույլ դամարը և... գիտես, է՛լի... Խեղճ Սարումյանը կրծում էր յուր շեկ բեխերը... Այսօր էլ, երևի նրանց մոտ կճաշեմ։ Առավոտյան կնոջ հետ գնաց մի տեղ և ասաց, որ կեսօրին կհանդիպեն այստեղ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ցանել է։

ԹՈՒՍՅԱՆ.— Շատ կարելի է։ Բայց ես այն պտուղներից չեմ, որ հանգիստ թողնեմ։ Այնքան մազ չկա գլխիս, ինչքան որ... (Հանկարծ վեր է թռչում): Հա՛, Մարգարյան, գիտե՞ս ինչ պատահեց երեկ երեկո... Ի՛նչ զարմանալի անակնկալ... Այն նամակն ի՞նչ էր, որ Պետերբուրգից բերել էի ոմն Բաղիրյանին հանձնելու համար։ Այդ պարոնի տունը գտա երեկ երեկո... Երևակայիր... Ապշելու բան է, էլի՛... Այս որ ռոմանի մեջ կարդայի, կասեի սարքովի բան է... Մտնում եմ, թե՝ այստե՞ղ է կենում պարոն Բաղիրյանը... Բայց չէ՝ այստեղ դեռ ոչինչ չես հասկանալ, թող գլխից պատմեմ։ Մի հիանալի պատկեր դուրս կգա, որ գրես։ Հալա մեկ տես ժամը քանիսն է։ Սարումյանները խոստացան, որ ճիշտ տասներկուսին այնտեղ՝ այգու հրապարակում կլինեն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Նայում է ժամացույցին): Տասներկուսից պակաս է կես։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա, դե որ այդպես է, լսիր։ (Մի ծխախոտ է վառում և նստում նրա կողքին): Սրանից չորս տարի առաջ...

Անցնում են թեթև բարքի տեր երկու կին թևանցուկ, մեկը երգում է կամացուկ, առանց բառերի։

ԹՈՒՍՅԱՆ.— Мой нижайший Даш и Маш.

ԵՐԳՈՂ ԿԻՆԸ.— Вреш! не угодал. (Երգը շարունակելով անցնում է ընկերուհու հետ):

ԹՈՒՍՅԱՆ.— Հա։ Սրանից չորս տարի առաջ, ամառը, հյուր էի գնացել հորեղբորս մոտ՝ ամառանոց։ Հետս հրացան