Եվ ցույց տվեց՝ թե ինչի վրա էր նստած։ Նստած էր հսկայական եղևնու գերանաչափ արմատի վրա, որ մի կես արշին բարձր էր մնացել գետնից։— Այդ միևնույն է,— ասացի,— խոնավությունը կարող է ձեր ոտներից անցնել։ Անփույթ կերպով վեր քաշեց ուսերը։ «Որտե՞ղ եք որս անում», հարցրեց։ Տեղն ասացի։ Գիրքը բաց և խուփ արեց, ըստ երևույթին ուզում էր բան ասել, բայց ոչինչ չասաց, նորից գիրքը բաց արեց և աչքերը տնկեց վրան։— Ցտեսություն,— ասացի։ «Ցտեսություն» ասաց։ Հեռացա իմ ճանապարհով... Այս քածերն էլի երևացին։ (Ետ են դառնում երկու կանայք, որոնցից մեկը նորից երգում է կամացուկ): Какой чудный голос, лает как лягушка.
ԵՐԳՈՂ ԿԻՆ.— Какой противный кавалер! говорит как кинтошка (Հեռանում է ընկերուհու hետ, շարունակելով երգը):
ԹՈՒՍՅԱՆ.— (Ծիծաղում է): Տեսար ոտը ոնց բերեց... Սրամիտ են անիծածները։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ես զարմանում եմ քեզ վրա. ինչ հաճույք ես զգում այդպիսիների հետ խոսելով։
ԹՈՒՍՅԱՆ.— Ո՛չ մի, փեշակ է, է՛լի։ Դրանց հետ միայն գյավազություն արա, ուրիշ բանի պետք չեն... Բայց շարունակեմ։ Չորրորդ առավոտյան դարձյալ նույն տեղումն էր։ Բարի լույս,— ասացի։ Չպատասխանեց։ Միայն նայեց ու ժպտաց։ Հետո ասաց. «Թույլ կտաք, որ ձեզ հետ գամ տեսնեմ ինչպես եք որս անում»։ Ինչո՞ւ չէ,— ասում եմ։ Վեր թռավ տեղից։ Գնացինք։ Հազիվ երեք թե չորս վերստ ճանապարհ գնացած՝ կանգ առավ, նայեց ինձ և ժպտաց։— Ի՞նչ է,— ասում եմ,— հոգնեցի՞ք։— Գլխի շարժումով դրական պատասխան տվեց։— Ուզում եք, նստենք,— ասում եմ։ Չէ,— ասում է,— ես ետ կդառնամ. մայրս կանհանգստանա». Դե որ այդպես է,— ասում եմ,— ետ դառնանք։ «Դո՞ւք էլ եք ետ դառնում», ասում է։— Իհարկե, ասում եմ, բաս խո մենակ չեմ թողնիլ ձեզ այս անտառում։ Ընդունեց։ Գնում ենք թևանցուկ և խոսում դեսից-դենից։ Բավական միամիտ էր երևում, մի քիչ բանաստեղծորեն տրամադրված։ Շոգ է, գրեթե տոթ։ Անտառը կանգնած է անշարժ։ Դեղնած խոտերի մեջ սվսվում են մորեխները։ Նրա մարմնի շփումը