Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տխրության արտահայտություն էր ստանում, և էլ չէր խոսում, չէր նայում ինձ. նույնիսկ երբեմն հեռացնում էր ձեռքերս, երբ ուզում էի գրկել նրա իրանը։ Հրաշալի իրան ուներ — բարակ, ճկուն, տաք... Մի անգամ տարավ ինձ անտառի այն տեղը, ուր սպանել էի աղավնին։ «Ինչո՞ւ սպանեցիր», ասաց։— Ո՛ւմ,— հարցնում եմ զարմացած. դա, «աղավնին», ասում է։— Ես այդ դեպքը մոռացել էի։ «Այն օրվանից դես,— ասաց,— ես հանգիստ չունեմ, ես տանջվում եմ... Հիշում ես,— ասում է,— ինչքան սպիտակ, ինչքան մաքուր էր... Հիշո՞ւմ ես,— ասում է,— ի՛նչպիսի անհոգությամբ և անխիղճ կերպով դեն շպրտեցիր...»։ Ակամա ծիծաղեցի։ Նա նստեց խոտի վրա, դեմքը ծածկեց ձեռքերով և լաց եղավ...

Նորից անցնում են երկու կանայք, որոնցից մեկն այս անգամ երգում է մի մելամաղձիկ երգ։ Թուսյանն ուշադրություն չի դարձնում նրանց վրա, հենվում է իր ծնկանը և զոռ է տալիս ծխախոտին՝ ինքն իր պատմությունից հուզված։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Խիստ ազդված): Հետո՞։

ԹՈՒՍՅԱՆ.— (Վեր է կենում հանկարծ): Հետո ի՞նչ։ Հետո պատահեց այն, ինչ որ սովորաբար պատահում է, այսինքն հեռացա և... մոռացա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Առանց խղճի խայթի՞։

ԹՈՒՍՅԱՆ.— Ավելի լավ է խղճի մասին չխոսենք։ Խո ասել եմ քեզ, որ ես էպիկուրյան եմ։ Խլել եմ կյանքից այն, ինչ որ այդ րոպե հաճելի է եղել ինձ։ Մնացածի հետ գործ չունեմ... Բայց դու վերջաբանը լսիր, եթե միայն սա վերջաբանն է, այլ ոչ սկիզբը մի նոր... Նու՝ թեկուզ դրամայի... Պետերբուրգից հետս բերած նամակը, ինչպես ասացի, երկու օր ման եմ ածում և, վերջապես, երեկ երեկո գնում եմ այն պարոնի տունը, որին պիտի հանձնեի այդ նամակը։ Մտնում եմ։— Այստե՛ղ է կենում,— ասում եմ,— պարոն Հակոբ Բաղիրյանը։ Առաջ է գալիս մի ծերունի, թե՝ ես եմ։ Նամակը տալիս եմ։ Սենյակում, բացի ծերունուց, կային և մի տիկին ու մի երիտասարդ պարոն։ Տիկինը հրավիրում է, որ նստեմ։ Նստում եմ։ Ծերունին բաց է անում նամակը և սկսում լուռ կարդալ։ Հանկարծ հարևան սենյակից մտնում է, երևակայիր ով,— նա՝ սպանված աղավնին։