Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվայի մեջ տեսնում էր մի բան, որը միանգամայն գրավել էր նրան: Այդ մի բանը երեխայական այն պարզամտությունն էր, որ արտահայտում էր Եվան ամենքի հետ խոսելիս, նույնիսկ լուրջ բաների մասին դատելիս։ Բացի դրանից, Շահյանը Եվայի մեջ ամենևին չէր տեսնում դիմացինի անձնավորությանը քննական աչքով նայելու սովորությունը,— մի բան, որից նա խույս էր տալիս միշտ սարսափով։ Եվան շարունակ զբաղված էր իրենով, իր զգացումներն ու մտքերն արտահայտելով և ժամանակ չուներ Աշխենի պես լռելով դիտելու, որպեսզի հետո հարցնի դիմացինին՝ «Ինչո՞ւ եք դուք այդպես կարծում»։

Այժմ ավելի, քան առաջ, ինքնավստահություն չունենալով այլևս այցելելու Մարությաններին, Շահյանն օրը երկու-երեք անգամ անցնում էր նրանց տան մոտակա փողոցներով այն բաղձանքով, որ գեթ դուրսը տեսնի Եվային կամ նրա մորն ու հորը (Աշխենին տեսնելու միտքը նրան վախեցնում էր)։ Այդպիսի դեպքերում նա անցնում էր գործի գնացող մարդու շտապ քայլերով, որպեսզի եթե հանդիպելու լիներ Մարությաններին և նրանք հարցնեին (նրան այնպես էր թվում, թե անպատճառ պիտի հարցնեին), թե ի՞նչ է շինում այդ կողմերը, կարողանար ասել, թե գործի է գնում կամ գործից է գալիս։

Հիրավի, մի անգամ պատահեց Եվային ու նրա մորը, բայց ոչ այն փողոցներում, ուր թափառում էր նրանց տեսնելու հույսով, այլ բոլորովին ուրիշ փողոցում և հենց այն ժամանակ, երբ նրանց տեսնելու հույսով չէր դուրս եկել տնից։ Հանդիպումն անակնկալ էր։ Բայց զարմանալի է. նրա ամենօրյա տենչն այն էր, որ հանդիպեր նրանց, այժմ կատարված էր նրա տենչը, և մի տասը-քսան քայլ էր մնում, որ մոտենային, բարև տային իրար, խոսեին իրար հետ: Բայց նա Եվայի ու նրա մորը տեսնելուն պես ծռեց ճանապարհը և անցավ հեռացավ, իբր թև չտեսավ նրանց: Մինչդեռ նրա սիրտը սկսել էր թրթռալ։ Բավական հեռանալուց հետո ծածուկ նայեց, բայց այլևս չտեսավ Եվային ու նրա մորը: Նա կանգ առավ պկամա և ինքն իրեն հարցրեց, թե ինչո՞ւ այդպես արեց. ինչո՞ւ ցույց տվեց, թե չտեսավ նրանց, քանի որ ուզում էր տեսնել... Բան չհասկանալով իր այդ