Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անցյալը... Ուրիշը լիներ իմ տեղը, գուցե կսպաներ, բայց ես չեմ կարող... Սպանելու համար հարկավոր է վառվել, կատաղել, գազանանալ, բայց մեղավո՞ր եմ, ես այդ ընդունակությունը չունեմ... Սպանե՜լ... դա հեշտ է ասել... Այն կիրակի այգում որ ասացի, այն խոսք էր միայն... իսկ այժմ, երբ կանգնած եմ սարսափելի իրականության առաջ, ես զարհուրում եմ... Ինձ թվում է, թե կամ ես եմ խելագարվել, կամ նա, կամ երկուսս միասին... (Նա կարճ ժամանակ լռում է գլուխը շշմածի պես ձեռքերի մեջ առած, հետո հանկարծ վազում է դեպի Մարգարյանը, եռանդով բռնում է նրա ձեռքից և աղերսագին): Սիրելի՛ ընկեր, տեսնում ես, ես կորած եմ, փրկի՛ր ինձ, փրկի՛ր նրան... Արյունս սառում է երակներիս մեջ, երբ մտածում եմ, որ նա կարող է իսկապես խելագարված լինել... Երեկ գիշեր քնած տեղից հանկարծ վեր թռավ, նստեց անկողնում, ձեռքերը տարածեց դեպի վեր և աղաղակեց. «Աղավնի՜ն, աղավնի՜ն, աղավնի՜ն... սպիտակ.— մաքուր, անմե՜ղ աղավնին...»։ Սա զարմանալի է, չէ՞... Սա կասկածելի է, չէ՞... Ուղեղս քարանում է, ես այլևս չեմ կարողանում մտածել... Ինձ թվում է, թե գլորվում եմ, գլորվում եմ, գլորվում եմ և չեմ կարողանում ոտիս վրա կանգնել... Միակ հույսս դու ես մնացել, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, սիրելի ընկեր։ Ասա՛, խորհուրդ տուր, ի՞նչ անեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Հանկարծ, վճռաբար): Ահա՛ թե ինչ։ Նախ այդ ատրճանակը տուր ինձ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Տենդային փութկոտությամբ հանում է գրպանից ատրճանակը և տալիս նրան): Ահա՛, վերցրու...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այժմ տուն գնա։ Երբ հարցնի՝ սպանեցի՞ր, ասա որ ուզում էիր սպանել, բայց ես արգելեցի և ատրճանակը խլեցի ձեռքիցդ։ Բոլորովին անհոգ կաց. նա յուր սպառնալիքը չի գործադրիլ, համենայն դեպս այս գիշեր։ Իսկ վաղն առավոտյան ես ինքս կգամ նրա հետ խոսելու։ Կուզե՞ս որ գամ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ով, ե՞ս։ Ես քեզ իմ ազատարար հրեշտակի պես կընդունեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ոչ, ամենևին հարկավոր չէ, որ դու ընդունես ինձ։ Դու մինչև անգամ ամենևին չերևաս։ Լսո՞ւմ ես։