Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ԹՈՒՍՅԱՆ.— Քո ընկերը...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո՛։

ԹՈՒՍՅԱՆ.— Կատակ ես անում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ցույց է տալիս գրասեղանի վրա դրված ատրճանակը): Այ, տես։

ԹՈՒՍՅԱՆ.— (Սաստիկ վախեցած): Ատրճանա՜կ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այս րոպեիս նա այստեղ էր. քո ետևից էր եկել։ Եվ գնա փառք տո՛ւր քո բախտին, որ այստեղ չէիր։ Հազիվ կարողացա խլել այս ատրճանակը նրա ձեռքից։

ԹՈՒՍՅԱՆ.— (Թուքը ցամաքած): Հետո՞... էլ չի՞ գալ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ասացի որ դու գնացել ես արդեն։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա՞... լավ ես արել... Շնորհակալ եմ... վաղը կգնամ... անպատճառ կգնամ... դեռ լույսը չբացված կգնամ... Շնորհակալ եմ... լավ ես ասել... շատ լավ ես ասել... (վախից, առանց հասկանալու թե ինչ է անում, նստում է և շտապով հագնում է կոշիկը): Բայց... սպասիր... Չէ՞ որ դու խոստացար չհայտնել նրան, թե Սառան ինչ անցյալ է ունեցել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ ես այժմ չափազանց ցավում եմ, որ չեմ հայտնել։ Անցյալ օրը, պսակվելուց առաջ, եկել էր ինձ մոտ և այնպիսի խորհրդավոր բաներ էր պատմում Սառայի վարմունքներից և նրա հետ ունեցած խոսակցսւթյուններից, որ քիչ մնաց բանայի նրա աչքերը սարսափելի իրողության առաջ։ Բայց զսպեցի ինձ, ոչինչ չասացի, փորձեցի միայն նորից խորհուրդ տալ, որ ձեռք վերցնի այդ աղջկանից։ Լսել անգամ չուզեց և հեռացավ սաստիկ վիրավորված։ Այդ բանից հետո միանգամայն համոզվեցի, որ իզուր պետք է նրա դժբախտության պատճառ դառնամ և ինքս ինձ ասում էի. ավելի լավ է ոչինչ չիմացած ամուսնանա և ապրի յուր համար խաղաղ ու երջանիկ, քան թե իմանա չամուսնանա և տանջվի։ Բացի ղրանից, ես սաստիկ խղճում էի Սառային։ Սկզբում կարծում էի, թե այդ աղջիկը կամ հոգեկան հիվանդ է կամ չարահոգի, բայց քո պատմությունը լսելուց հետո ես արդեն հասկանում էի տարօրինակությունների հոգեբանությունը և չափազանց դժբախտ մի արարած էի համարում նրան։ Չորս տարի շարունակ նա տանջվել է քո վատության