Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Հանկարծական բռնկումով): Շատ մի փնթփնթա, հիմա՛ր։ Քեզ ինչ որ ասում են, արա՛։ Գնա ջհաննամից ճարիր։ Դե՛, կործանվիր։


Թաթոսը դուրս է գնում փնթփնթալով։


ՏԵՍԻԼ IV

ԹՈՒՍՅԱՆ.— Ծառայի հետ չպետք է խոսես այդպես։ Ա՛յ, ես, տեսնում ես. նրա հետ խոսում եմ մինչև անգամ իրենց գյուղական լեզվով։ (Պպզում է ճամպրուկի առաջ և սկսում տեղավորել հագուստեղենը): Այդպես, հը՞, ամուսնուն ղրկել էր, որ ինձ սպանի... Ա՛յ, քեզ օյին... իսկ ես կարծում էի... Չէ՛, պետք է փախչել... Առյուծի ճանկերից ավելի հեշտ է պրծնելը, քան թե մի կնոջ վրիժառությունից... փախչել։ Պետք է փախչել... Ա՛յ, հիմա հասկանում եմ, թե ինչ է նշանակում խոհեմություն։ Ես շատ կանանց հետ եմ գործ ունեցել, բայց այսպիսի խաթա առաջին անգամն է պատահում Բայց գեղեցկացել է, գիտե՞ս, անիծածը, շատ է գեղեցկացել... այն ժամանակ այդպես չէր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դու գիտե՞ս, որ քեզնից զավակ է ունեցել։

ԹՈՒՍՅԱՆ.— (Վեր է թռչում): ճի՞շտ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ յուր իսկ ձեռքով սպանել, հետքը կորցրել է։

ԹՈՒՍՅԱՆ.— Վա՛հ, ի՞նչ ես ասում... (Մնում է արձանացած):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Զարմանում ես հա՞։

ԹՈՒՍՅԱՆ.— Ոչ թե զարմանում, այլ... չգիտեմ, ճշմարիտ, ինչ ասեմ... Ես այդ մասին երբեք չեմ մտածել...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Իհարկե, կյանքից խլել ես այն, ինչ որ հաճելի է քեզ, և ոչ մի բանի մասին չես մտածել։

ԹՈՒՍՅԱՆ.— (Շարունակում է ծայրահեղ ապշությամբ նայել Մարգարյանի աչքերին, առանց լսելու նրա ասածը): Ուրեմն այդ ի՜նչ արարած է եղել նա... Էհե՛.. էհե՛... (Նորից պպզում է ճամպրուկի առաջ և շարունակում է հագուստեղենը տեղավորել): Ուրեմն հայր էլ եմ եղել, առանց իմ գիտենալու...