Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզում է պահել ատրճանակը, բայց թողնում է տեղը, նստում է և ցույց է տալիս, թե պարապում է։ Արագ քալյերով մտնում է Սառան՝ հպարտ և չափազանց հուզված։

ՏԵՍԻԼ VII

ՍԱՌԱ.— (Ջանք է անում հուզումը զսպելու և խոսում է կարելույն չափ հանգիստ): Ներեցեք, պարոն, որ եկել եմ այս կեսգիշերին ձեր հանգիստը խանգարելու։ Ես այնպիսի վիճակի մեջ եմ, որ հնարավորություն չունեցա ինձ զսպել և եկել եմ մի քանի բաներ պարզելու։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Որ վեր է կացել, աթոռ է առաջարկում): Խնդրեմ, տիկին։

ՍԱՌԱ.— (Չի նստում և շարունակում է): Նախ մի քանի հարց։ Ամուսինս այս երեկո եղե՞լ է ձեզ մոտ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եղել է։

ՍԱՌԱ.— Ատրճանակո՞վ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո։ Ահավասիկ։ (Ցույց է տալիս գրասեղանի վրա դրված ատրճանակը):

ՍԱՌԱ.— Եվ այդ ատրճանակը դուք խլե՞լ եք նրա ձեռքից։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո։

ՍԱՌԱ.— (Շեշտակի նայում է նրա աչքերին): Դուք ինտելիգենտ մարդ եք, սուտ չպիտի խոսեք։ Ասացեք ճշմարիտը։ Խլե՞լ եք, թե ինքն է տվել ձեզ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Շփոթված): Ես առա նրա ձեռքից։

ՍԱՌԱ.— Առա՜ք... Ուրեմն ինչպես ուզում եմ՝ հասկանամ։ Շատ բարի։ Հետո, ասել եք. թե վաղը պիտի գաք ինձ հետ խոսելու։ Այո՞։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո, աիկին, ես ուզում էի խոսել ձեզ հետ մի բանի մասին։

ՍԱՌԱ.— Մի բանի մասին, և ոչ այն մասին, ինչ որ դուք գիտեք, ինչ որ ձեզ հայտնի է արդեն, ինչ որ... Շատ բարի, ես համբերություն չունեցա մինչև վաղը սպասելու, և ահա, տեսնում եք, ինքս եմ եկել ձեզ մոտ, որպեսզի այժմ իսկ լսեմ ձեզնից այն, ինչ որ վաղը պիտի ասեիք ինձ։ Խոսեցեք, ես ձեզ իրավունք եմ տալիս։