Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դուք հուզված եք, տիկին։ Խնդրում եմ համբերեցեք և հաճեցեք նստել։

ՍԱՌԱ.— Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար։ Ես նոր չեմ հուզված... Իմ կյանքը մի հարատև հուզում է... Եվ ես գիտեմ, թե երբ կհանգստանամ... (Ջղային անհամբերությամբ): Խոսեցեք, խոսեցե՛ք։ Ասացե՛ք, ի՞նչ ունեք ասելու։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Անհամ վիճակի մեջ, չի իմանում ինչպես սկսի): Դուք մենա՞կ եք եկել, տիկին, թե ձեր ամուսինն էլ ձեզ հետ է։

ՍԱՌԱ.— Ձեր ասելիքը նրա՞ն է վերաբերում, թե ինձ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչպես ասեմ... նրան...

ՍԱՌԱ.— Տեսնում եք նա այստեղ չէ. նա դուրսն է, որովհետև ասել եք, որ նա ներկա չպետք է լինի։ Ուզո՞ւմ եք կանչեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ոչ, հարկավոր չէ...

ՍԱՌԱ.— Ուրեմն ասացեք, էլ ի՞նչ եք երկարացնում, տեր իմ աստված։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Զգուշորեն): Գիտե՞ք ինչ կա, տիկին... Ձեր գալն այնքան անակնկալ էր ինձ համար... և դուք այնքան հուզված եք, որ... չեմ իմանում ինչպես սկսեմ... Հետո, ես չգիտեմ, արդյոք վիրավորած չե՞մ լինիլ ձեր զգացումները, եթե թույլ տամ խառնվելու ձեր ընտանեկան գործերին...

ՍԱՌԱ.— Դրանք դատարկ խոսքեր են, պարոն։ Ասացի, որ ձեզ իրավունք եմ տալիս խոսելու։ Ասացեք ուղղակի, ինչ որ ասելու եք։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Հանկարծական վճռականությամբ): Շատ բարի։ Դուք չե՞ք կամենում նստել։

ՍԱՌԱ.— Ո՛չ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ասելիքս, ահա ինչ էր, տիկին։ Դուք գիտեք, որ ես ու ձեր ամուսինը շատ մոտիկ բարեկամ ենք իրար։ Ես նրան ճանաչում եմ իբրև վերին աստիճանի բարի, անվնաս, բայց խիստ տարօրինակ բնավորություն ունեցող երիտասարդի։ Նրա կյանքը լի է մի շարք տարօրինակ վարմունքներով, այնպես որ ես երբեմն լրջորեն կասկածել եմ նրա հոգեկան դրության մասին։ Բայց այն վարմունքը, որ այս գիշեր ցույց տվեց նա, միանգամայն համոզեց ինձ, որ