նրա հոգեկան վիճակը կանոնավոր չէ իսկապես։ Բանն այն է, տիկին, որ ես մի անկոչ հյուր ունեմ իմ տանը։ Գարեգինը չի ճանաչում նրան, ոչ մի գործ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի տեսել նրան իմ տանը, մի խոսքով՝ բոլորովին օտար և անծանոթ մի մարդ։ Բայց այս գիշեր եկել էր այս ատրճանակը գրպանում և ասաց, թե ուզում է սպանել նրան։ Սակայն, այդ բանն ինձ այնքան չզարմացրեց, որքան ա՛յն, որ ասում էր, թե դուք եք պատվիրել, որ գա սպանի։ Եվ ընդսմին այնպիսի բաներ պատմեց, որպիսիք միայն խելագարի ուղեղը կարող է ստեղծել։ Ուղղակի... աներևակայելի, անհնարին բաներ, մանավանդ ձեր մասին...
ՍԱՌԱ.— Ի՞նչ բաներ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչպես ես թույլ կտամ ինձ, տիկին, կրկնելու ձեր առաջ այն, ինչ որ պատմում էր մի պարզ խելագար... Եվ վաղը որ գայի ձեզ մոտ, տիկին, հատկապես նրա համար պիտի լիներ, որ ձեր լուրջ ուշադրությունը հրավիրեմ Գարեգինի դրության վրա։ Թերևս կարելի լինի նրան փրկել, և ես պատրաստ եմ այդ բանում ամեն կերպ օգնել ձեզ։
ՍԱՌԱ.— (Իսկույն չի պատասխանում, նայում է Մարգարյանին տարօրինակ հանգստությամբ, որի մեջ, սակայն, նկատվում է ներքին խոր վրդովմունք, որը պատրաստ է ամեն րոպե դուրս ժայթքելու): Դուք շատ դելիկանտ մարդ եք, պարոն։ Քաղաքավարության զգացումը, երևի, ձեզ թույլ չի տալիս ուղղակի ասելու, որ ինձ եք խելագար համարում. այդ պատճառով պատեպատ եք ընկնում, ամուսնուս հոգեկան վիճակի մասին եք կասկածներ հայտնում։ Է՛հ, շատ կարելի է, ես խելագար եմ, պարոն, այդ մասին չեմ ուզում վիճել։ Բայց իցե թե դուք ինձ չեք խելագար համարում, այլ ամուսնուս։ Այդ դեպքում ինչ որ պատմել է իմ ամուսինը ձեզ իմ մասին, զուտ ճշմարտություն է, և — այս էլ եմ հաստատում — ես ինքս եմ ուղարկել նրան, որ սպանի ձեր հյուրասիրությունը վայելող պարոնին։ Հիմա ի՞նչ կասեք, պարոն։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Շփոթված): Այդպիսի դեպքում թույլ տվեք, տիկին, նկատեմ, որ... չեմ հասկանում ձեզ։
ՍԱՌԱ.— (Արագ): Ահա՛, տեսնո՞ւմ եք, այժմ խոստովանեցիք, որ ինձ եք խելագար համարում, որովհետև չէ՞ որ միայն խելագարներին չեն հասկանում... (Հետզհետե բորբոքվելով)։