Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խրախուսում եք նրան, դուք արմատացնում եք նրա մեջ այն գիտակցությունը, թե յուր արարքները ոչինչ են, տղամարդու սովորական զվարճություններ են, ուրեմն նա կարող է շարունակել անպատիժ կերպով... Իսկ այժմ, նրա զոհը աշխարհի անտարբերությունից հուսահատված, ինքն է հրապարակ նետվել նրա դատաստանն յուր ձեռքով կատարելու,— դուք պատնեշ եք կանգնում, դուք հովանավորում եք նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Տիկին, ես բողոքում եմ...

ՍԱՌԱ.— (Չի լսում և շարունակում է ինքն իրեն կորցրած): Եվ դեռ մեղավորության խնդի՞ր եք հարուցանում... ուրեմն Գարեգինը չէ մեղավոր, դուք չեք մեղավոր, մյուսը, երրորդը, չորրորդը... ոչ ո՞ք... ձեր կարծիքով գուցե մեղավոր չէ և նա ինքը, ձեր հյուրասիրությունը վայելող այդ պարոնը, այլ մեղավորը ես եմ, միմիայն ե՞ս։ Օ՜, կգժվե՜մ, կգժվե՜մ, կգժվե՜մ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Տիկին, հանգստացեք խնդրում եմ, և լսեցեք ինձ...

ՍԱՌԱ.— Մեղավոր եմ, որովհետև անմեղ եմ եղել, միամիտ եմ եղել... որովհետև աշխարհի վրա, մարդկանց վրա պայծառ հայացք եմ ունեցել... մեղավոր եմ, որովհետև կուսական անփորձության մեջ իմ մաքուր, անարատ սիրտը հավատացել է մի մարդու, որն անխիղճ կերպով խաբեց ինձ, գործածեց ինձ սպիտակ ձեռնոցի պես և կեղտոտելուց հետո դեն շպրտեց իբրև այլևս անպետք մի իր... Այո՞, պարոն, այո՞։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Խնդրում եմ, տիկին...

ՍԱՌԱ.— Օ՜, պարոն, օ՜, պարոն... մի անեք այնպես, որ ես իսկապես խելագարվեմ... եթե դուք ընդունակ լինեիք հասկանալու, թե ինչ է նշանակում մի անմեղ, միամիտ, մի անբիծ աղջկա համար հուսախաբված լինել անդրանիկ սիրո մեջ... Եթե ձեզ ծանոթ լինեին մի այնպիսի աղջկա տանջանքները, հուսահատությունը և ապա այն սոսկումը, որ պատում է նրան, երբ հանկարծ իմանում է, որ ապօրինի մայր է լինելու լքված, մենակ, ծածուկ, իբրև ամենամեծ մի մեղսագործ... Դժոխքն այն տանջանքները չէր կարող տալ ինձ, ինչ որ զգացի ես այն ժամանակ, երբ տեսա, որ ստիպված