եմ ակամա գործած մեղքիս հետքը ջնջել առավել ևս սոսկալի մեղսագործությամբ... մինչև այժմ էլ ինձ թվում է, թե լսում եմ անմեղ զավակիս առաջին ճիչը, որին վիճակված էր վերջինը լինելու... Ես գործեցի ամենամեծ ոճիրը, չլսված, չտեսնված մի ոճիր. ես իմ ձեռքով սպանեցի իմ զավակը... և ամեն րոպե, ամեն վայրկյան մահվան սոսկում էր պատում ինձ, երբ մտածում էի, թե ահա՛, որտեղ որ է, ամեն բան կիմանան և ամոթի, խայտառակության սյունը կբարձրացնեն ինձ... Թեև ամեն բան ծածուկ մնաց, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Դադարեցի՞ն դրանից հետո իմ տանջանքները, իմ սոսկումները... Ամենևին ոչ։ Բավական էր, որ ես գիտակցում էի իմ ոճրագործությունը, ուրիշ էլ ի՞նչ պատիժ էր հարկավոր, որ դրանից էլ ավելի սոսկալի լիներ... Եվ այժմ, որ մտածում եմ, թե ինչո՞ւ... ում պատճառով...
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Տիկին, ես շատ խնդրում եմ ձեզ. հանգստացեք։
ՍԱՌԱ.— (Նոր բորբոքումով): Գիտե՞ք դուք, պարոն, ում եք ապաստան տվել ձեր տանը, իբրև բարեկամի, իբրև ընկերոջ... Դուք ամուսնացած չեք և եթե ամուսնացած լինեիք, նա չէր խնայիլ նույնիսկ ձեզ, նա չէր քաշվիլ պղծել նույնիսկ ձեր ընտանեկան սրբությունը իբրև փողոցի ամենավերջին շուն... Այդ բանում ես համոզվեցի երեկ... երեկ, մինչև երեկ ես դեռ պատրաստ էի ներել, մոռանալ, բայց երեկվանից դես... Ես այլևս չեմ իմանում ինչ է պատահում ինձ... Այնքան ահ ու սարսափներից հետո, հոգեկան այնքան տանջանքներից հետո, ծածուկ ամոթի վերջին մրուրը քամելուց հետո, իբր կարծում էի, թե վերջապես թաղել եմ անդառնալի կերպով սոսկալի անցյալս և նոր կյանքի շրջան եմ մտել ամուսնական հանգիստ առագաստի տակ,— այդպիսի մի ժամանակ նա գալիս է նորից հիշեցնելու ինձ իմ այդ զարհուրելի անցյալը, ցինիկաբար անարգելու մարդկային արժանապատվությունս, կանացի առաքինությունս, ամենանվիրական զգացմունքներս մի անլուր շնական առաջարկությամբ... Եվ այս նոր անարգանքն ես ստիպված եմ լինում կուլ տալու, որովհետև... Ա՜խ, եթե ես տդամա՜րդ լինեի... Եթե այդ րոպեին ձեռքիս մի զենք լիներ... թեկուզ հասարակ մի դանա՜կ... Եվ այս բոլորից հետո դուք ուզում եք, որ ես հանգստանամ... հանգստանա՜լ...