Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլորը դուրս են գնում աջ դռնից։ Քիչ հետո աղախինը նորից մտնում է և գնում է մուտքի դուռը բանալու։ Մտնում է Արամը՝ 30—35 տարեկան բարձրահասակ մի զինվորական մաշված արևվառ երեսով, հնամաշ մոխրագույն շինելով, առանց ուսադիրների և մոխրագույն մորթե փափախով՝ սպայական կոկարդով։ Նա ոտքի մեկը չունի և թևերի տակ կրում է հենակներ։ Մի հատիկ ոտին հագած երկարաճիտ կոշիկ։


II
Արամ և աղախին (նախասենյակում)։

ԱՂԱԽԻՆ.— Ո՞ւմ եք կամենում։

ԱՐԱՄ.- Ես կուզեի տեսնել տիկին... տիկին Ֆլորային։

ԱՂԱԽԻՆ.— Ձեր անո՞ւնը։

ԱՐԱՄ.— Անունս պետք չէ։ Ասացեք՝ մի մարդ շինելով և հենակներով,— ինչպես տեսնում եք։

ԱՂԱԽԻՆ.— Դուք օֆիցե՞ր եք, թե...

ԱՐԱՄ.— Ինձ հարցաքննելու կարիք չկա, սիրելիս։

ԱՂԱԽԻՆ.— Ոչ, ես նրա համար եմ հարցնում, որ գուցե դուք պարոնին եք ուզում։ Նա ծառայում է Կարմիր Խաչի մեջ, և դուք կարող եք...

ԱՐԱՄ.— Ոչ, սիրելիս, ես, կարծեմ, պարզ ասացի, ես ուզում եմ տեսնել տիկին Ֆլորային։

ԱՂԱԽԻՆ.— Շատ բարի։ Սպասեցեք այստեղ։ (Գնում է)։

Արամը մտնում է և կանգնում է դռան մոտ սպասողական դրության մեջ։ Քիչ հետո մտնում է Ֆլորան։ Արամին տեսնելուն պես նա հանկարծ մի թույլ ճիչ է արձակում, մեկ ուզում է ետ փախչել սարսափահար, բայց մեկ էլ մնում է ծայրահեղ զարմանքից տեղն ու տեղը գամված։


III
Արամ և Ֆլորա:

ՖԼՈՐԱ (չհավատալով իր աչքերին).— Արա՜մ...

ԱՐԱՄ (կամաց, սիրով և կարոտով).— Այո, այս ես եմ։ Ֆլորա։