Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՖԼՈՐԱ.— Մի՜թե... մի՜թե... (Երերվում է և չընկնելու համար նստում է մոտը դրած աթոռի վրա, սարսափից և զարմանքից չռած աչքերը միշտ հառած Արամի աչքերին):

ԱՐԱՄ.— Այո, մեռելները հարություն չեն առնում. բայց եթե պատահի, որ հարություն առնեն, անշուշտ այսպիսի ահ ու սարսափ կազդեն, որքան էլ ծով արցունք լինի թափված նրանց համար։ Ես քեզ տեսա այնտեղ, պարտեզում, բայց չմոտեցա, վախենալով այս վայրկյանից և մեկ էլ այն պատճառով, որ դու... (Խուլ ձայնով) մենակ չէիր... (Լռություն: Կամաց մոտենում է Ֆլորային):

ՖԼՈՐԱ (աչքերը փակում է և վախից կուչ գալիս):

ԱՐԱՄ.— Մի վախենար։ Վրեժը չէ, որ ինձ բերել է քեզ մոտ, այլ կարոտը, անձկությունը, որից այսքան ժամանակ տառապել եմ հեռավոր մենությանս մեջ։ Թեև դու իմը չես այլևս, բայց թույլ տուր մեր տեսակցության գեթ այս առաջին վայրկյանին իմս համարեմ քեզ և առնեմ քեզանից իմ այսքան տարվա կարոտը (համբույրներ է դրոշմում նրա ձեռքին և գլխին):

ՖԼՈՐԱ.— Մի՞թե այս երազ չէ...

ԱՐԱՄ.— Երա՞զ... Ո՞ր երազը կարող է այնքան հնարամիտ լինել, որքան իրականությունը, մանավանդ այս իրականությունը։ Ո՞վ կարող էր երևակայել, թե ես քեզ պիտի հանդիպեի ա՛յսպես և ա՛յստեղ,— այս օտար տան մեջ, ուր մտա սիրտս սեղմելով...

ՖԼՈՐԱ (լալիս է).— Ես մեղավոր չեմ։ Արամ։ Հարցրու մորդ, քրոջդ, նրանք էլ կվկայեն, որ ես միշտ հուսացել եմ և սպասել...

ԱՐԱՄ.— Մի լա։ Ես արդեն հարցրել եմ և ամեն բան գիտեմ։

ՖԼՈՐԱ (զսպելով իրեն).— Քո անունը մեզ ցույց տվին անհետ կորածների ցուցակի մեջ և բացատրեցին, թե դու կամ սպանված ես և դիակդ մնացե՜լ է կռվի դաշտում, կամ թե, լավագույն դեպքում, գերի ես ընկել։ Եվ որովհետև դրանից հետո համարյա ամբողջ չորս տարի ոչ մի տեղեկություն չունեինք քեզնից, մեզ ուրիշ բան չէր մնում եզրակացնելու, եթե ոչ այն, որ պատահել է՝ ամենավատ դեպքը, այսինքն՝ որ դու սպանվել ես, այլապես, եթե գերի լինեիր ընկած,