Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի՞թե գոնե մի հատիկ նամակ չէինք ստանալ քեզնից ամբողջ չորս տարվա ընթացքում։

ԱՐԱՄ (որ նստել է).— Իսկ ես սկզբում շարունակ գրում էի և որովհետև պատասխան չէի ստանում, վերջը դադարեցի գրել։ Հազար ու մի կասկածներ էի անում, մեկը մյուսից մռայլ, մեկը մյուսից հուսահատական։ Մտածում էի — թշնամի՞ն է արդյոք ներս խուժել և սրի անցրել, փախստակա՞ն են դարձել, թե՞ զոհ են գնացել որևէ համաճարակ հիվանդության։ Մեզ փակել էին կոնցենտրացիոն լագերի մեջ, ինչպես անասունները գոմի մեջ, և թե ինչ էր կատարվում աշխարհիս երեսին, մենք՝ գերիներս, ոչինչ չգիտեինք։

ՖԼՈՐԱ.— Ուրեմն դու գերի էիր ընկել։

ԱՐԱՄ.— Այո։ Մերոնք փախան և ինձ թողին ընկած՝ փշրված ոտով։ Ինչու ոտիս տեղ գանգս չփշրվեց,— այս սոսկալի անոթը, որի մեջ ամբարված են բոլոր տանջանքների սաղմերը։ Ի՞նչ տառապանքներ էին, որ ես կրում էի այնտեղ... Ֆիզիկականը չեմ ասում, այլ հոգեկանը... Եվ որ մտածում եմ, թե այս բոլորը չէր լինի, եթե նամակներիցս գեթ մեկը հասներ ձեզ և ձեզնից մի լուր ունենայի...

ՖԼՈՐԱ.— Դու քոնն ես ասում։ Հապա ի՜մ հոգեկան տանջանքները... Սկզբում շարունակ դողալ թանկագին մարդու կյանքի համար և ապա համարյա չորս տարի ապրել անստուգության, սպասումի և հուսալքումի մեջ... Հապա նյութական զրկանքները, առօրյա ապրուստի հոգսը։ Ի՞նչ պիտի աներ մեզ այն չնչին նպաստը, որ ստանում էինք մենք։ Մայրդ պառավ և շարունակ հիվանդ, քույրդ՝ դասերի ետևից և վերցրածը իր անձնական պետքերին էլ հազիվ էր բավականանում, ես՝ փոքրիկ երեխան ձեռքիս։ Սկզբում, քանի մայրդ շատ չէր հիվանդ և այսպես թե այնպես կարողանում էր նայել երեխային, ես ինձ համար մի փոքրիկ պաշտոն գտա Կարմիր Խաչի մեջ. բայց հետո ստիպված էի թողնել, որովհետև մայրդ ինքն արդեն խնամքի կարոտ դարձավ, և երեխան մնացել էր բոլորովին անտեր։ Վերջը քույրդ ամուսնացավ, մորը տարավ իր մոտ։ Մնացել էի մեն-մենակ, ապրուստի միջոցներից միանգամայն զուրկ, տանը բան չմնաց, որ չծախեի։

ԱՐԱՄ (Սառն ու բազմախորհուրդ կերպով).— Ինչո՞ւ, մի՞թե ոչ ոք չէր օգնում...