Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՖԼՈՐԱ.— Ո՞վ պիտի օգներ։

ԱՐԱՄ (հանգիստ): Կարմիր Խաչի պարոնը...

ՖԼՈՐԱ (առանց շփոթվելու, վիրավորված ինքնասիրությամբ): Ի՞նչ ես ուզում ասել ղրանով։ Որ ես ամուսնացա՞ նրա հետ։

ԱՐԱՄ.— Ոչ, ա՛յդ չեմ ուզում ասել...

ՖԼՈՐԱ.— Հապա ուրիշ ի՞նչ։

ԱՐԱՄ (հապաղելով և չի նայում նրան).— Ուրիշ այն, որ ինձ... ուրիշ բան ասացին...

ՖԼՈՐԱ.— Ուրիշ բա՞ն։ Ի՞նչ։ Ո՞վ։

ԱՐԱՄ.— Ովոր...

ՖԼՈՐԱ (զսպված վրդովմունքով).— կիսաբերան մի խոսիր, Արա՛մ։ Ասա ուղղակի, որ քույրդ է ասել։

ԱՐԱՄ (լռում է մռայլ հանգստությամբ և շարունակում է չնայել նրան):

ՖԼՈՐԱ.— Ինչո՞ւ ես լռում և ինչո՞ւ չես նայում ինձ։ Տեսնում ես ես չեմ վախենում, որովհետև զզվելի բամբասանքի և զրպարտության դեմ ես ուրիշ զգացում չեմ կարող ունենալ, բացի նողկանքից։ Իսկ գիտե՞ս ինչու է նա բամբասել և զրպարտել ինձ.— որովհետև ես այլևս չկամեցա, որ նա իմ աղջիկպարոնը լիներ, իսկ ես՝ նրա աղախինը։

ԱՐԱՄ.— Այդ նորություն է ինձ համար։

ՖԼՈՐԱ.— Օ՜, իհարկե, այս բանը խո չէր ասի քեզ։ Եվ, լավ իմացիր, այս նորությունը ես այնուամենայնիվ չէի հայտնի քեզ, եթե դու հավատացած չլինեիր նրա զզվելի բամբասանքներին։

ԱՐԱՄ.— Նախ՝ ես չասացի, թե ինչ է ասել նա, և երկրորդ...

ՖԼՈՐԱ.— Ինչի՞ս պետք է, որ ասես։ Քո խոսակցության եղանակը և քո ակնարկներն արդեն իրենք աղաղակում են, թե չարամտությունը, չկամությունն ու նախանձն ինչեր են փսփսացել ականջիդ։ Իմ ամենամեծ դժբախտությունն այն էր, որ ես հնարավորություն չունեի իմ ձեռքի աշխատանքով ապրելու և ուզեի-չուզեի՝ պետք է նայեի նրա ձեռքին։ Եվ որովհետև նա մի կտոր հաց էր շպրտում ինձ, իր իրավունքն էր համարում ամեն կերպ ստորացնեւու ինձ, վիրավորելու ինքնասիրությունս։ Շարունակ գանգատ ու քրթմնջոց, շարունակ