Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեսովս էր տալիս իմ ու երեխայիս կերած մի կտոր հացը, ում մոտ ասես գանգատվում էր, թե մենք մի-մի ծանր բեռ ենք դարձել իր վրա։ Իսկ այն, որ տան ամբողջ հոգսն ինձ վրա էր, որ եփող-թափողն ես էի, որ լվացող-կարկատողն ես էի, որ իր հիվանդ մոր խնամողն ես էի,— այդ բոլորը ոչինչ, այդ բոլորը չէր երևում նրա աչքին։ Իմ տեղ մի վարձկան աղախին լիներ, ավելի հարգանք ու պատիվ կվայելեր, քան թե ես, որ իր ընտանիքի անգամն էի, իր դժբախտ եղբոր դժբախտ կինը, նրա զավակի թշվառ մայրը։ Իմ վիշտը, իմ տառապանքները հերիք չէին և նա էլ մյուս կողմից էր թունավորում իմ կյանքը։ Մի անգամ նույնիսկ այնպիսի դրության հասցրեց ինձ, որ քիչ մնաց առնեի երեխաս և գնայի գետը նետեի ինձ, որպեսզի միանգամից ազատվեի այդ դժոխքից։ Ասե՞լ է նա քեզ այս։ Իհարկե, չէ։ Նա կարող էր միայն ուրիշ բան ասել, որպեսզի ամբողջ մեղքն ինձ վրա ձգե։ Ամո՛թ նրան։

ԱՐԱՄ.— Ես նրա ասածներին ոչ մի կարևորություն չեմ տվել և քո գանգատներն էլ միանգամայն ավելորդ են։

ՖԼՈՐԱ.— Ինչպե՜ս թե ավելորդ են։ Ուրեմն դու չես ուզում իմանալ, թե ինչից ստիպված ես այս քայլն արեցի։

ԱՐԱՄ.— Չեմ ուզում, որովհետև դրանով ոչինչ չի ուղղվի։ Դու ես մեղավորը, թե քույրս, չարաբաստիկ անհետ կորածների ցուցակն է եղել պատճառը, թե այն հանգամանքը, որ իմ գրած նամակներից ոչ մեկը չի հասել ձեզ,— այդ բոլորն այժմ մեկ չէ՞ ինձ համար։ Եթե ես մանրակրկիտ կերպով պրպտեմ և գտնեմ դժբախտությանս իսկական պատճառը, դրանով գեթ մի մազաչափ կփոխվի՞ իմ վիճակը։ Առանց քո ասելու էլ ես շատ լավ գիտեմ, որ իմ գնալուց հետո քո դրությունը նախանձելի չպիտի լիներ։ Մի կողմից այդ, մյուս կողմից էլ այն, որ քեղ ու քեզ վճռել ես, թե ես այլևս չկամ, բավական է եղել, որ միանգամ այն ազատ համարես քեզ և...

ՖԼՈՐԱ (շանթահար).— Ի՞նչպես թե ինձ ու ինձ վճռել եմ...

ԱՐԱՄ (շարունակելով անողոք հանգստությամբ).— Դու տառապել, համբերել և սպասել ես այնքան, որքան պատշաճ է եղել, որքան հնարավոր է եղել, որքան կարող է տառապել, համբերել և սպասել մի ջահել, գեղեցիկ այրի կին, մինչև որ...

ՖԼՈՐԱ (գրեթե ճչալով).— Արա՛մ...