խուլ աղմուկի մեջ հնչում էր մի առանձին խորհրդավորությամբ, ինչպես դավադիրների քչփչոց։
Դռներից մեկը բացվեց, ցուրտ օդի մի հոսանք ներս թողնելով, և շրխկալով փակվեց նորից։
— «Միխայլովո»,— լսվեց կոնդուկտորի ձայնը։
Երիտասարդն աչքերը բաց արեց, ձեռները կամաց հանեց վերարկուի թևերի միջից, ոտները դանդաղորեն ցած թողեց նստարանից, նստեց և գլխարկը բարձրացրեց աչքերից։
Կոնդուկտորն անցավ վագոնի երկայնքով և դուրս գնաց հակառակ կողմից, դուռը նորից շրխկացնելով իր ետևից։
Լսվեց շոգեմեքենայի երկար խուլ սուլոցը, որ կարծես հորից էր դուրս գալիս, և մի քանի րոպեից հետո գնացքը կամաց-կամաց դանդաղեցնելով իր ընթացքը, անզգալի կերպով կանգ առավ «Միխայլովո» կայարանում։
Երիտասարդը վեր կացավ և մի րոպե տատանման մեջ էր՝ դո՞ւրս գնա, թե ոչ։ Բայց տեսնելով, որ ամենքը դուրս են գնում, ինքն էլ հետևեց նրանց։
Հենց ոտը գցեց պլատֆորմի վրա և ուզում էր ուղղվել դեպի բուֆետի դահլիճը, մեկը, որ՝ մի փոքրիկ ճամպրուկ ձեռին բռնած՝ շտապ քայլերով անցնում էր նրա առաջով, հանկարծ կանգ առավ և նայեց նրան։
Դա մոտ երեսուն տարեկան, խիստ համարձակ և վերին աստիճանի կրակոտ աչքերով մի երիտասարդ էր, որի այրական գեղեցիկ արտաքինին ուրույն գրավչություն էր տալիս զուտ արտիստական ճաշակով կարված նրա հագուստը —կինամոնագույն փափուկ կաստորի գլխարկը։ Նույն գույնի մահուդի կարճ բաճկոնը, աջ ուսից ձախ կողքին կախ ընկած սև պայուսակով, և երկարաճիտ պլպլան կոշիկները։
— Շահյա՞ն... Լևո՞ն,— բացականչեց նա, ճամպրուկն աջ ձեռքից արագությամբ փոխադրելով ձախ ձեռքը:
Շահյանն իր պլպլան ակնոցի միջից կես-զարմացած, կես-ապուշ հայացքով նայեց նրա ահագին սևաթույր աչքերին։
— Բա... բա...— մենքենայաբար արտասանեց նա. ըստ երևույթին ջանք անելով հիշելու նրա անունը։
— Հա, հա, Բազենյան,— վրա գցեց նրան իր անակնկալ բարեկամը և պինդ սեղմեց նրա ձեռքը։— Տնաշեն, մի՞թե այնքան թույլ հիշողություն ունիս, որ մինչև անգամ ինձ էլ չես