Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներս կոխեց։ Շահյանը նրա ուսի վրայից տեսավ Աշխենին գրասեղանի մոտ նստած, լամպի լուսով գիրք կարդալիս։

— Կարելի՞ է,— հարցրեց Եվան։

Աշխենը գլուխը բարձրացրեց գրքի վրայից և նայեց նրան։

— Դու ե՞ս, Եվա։

— Ես չեմ, հյուր է։

— Ո՞վ է:

— Պարոն Շահյանը։ Կարելի՞ է։

— Եկեք, ինչո՞ւ չեք գալիս։

— Պարոն Շահյան, խնդրեմ։

Եվ Եվան ճանապարհ տվեց։

Շահյանը շոշափեց սյուրտուկի կոճակները և ներս մտավ։

— Իսկ ես՝ իսկույն,— ասաց Եվան և անհայտացավ։

Հիվանդոտ ժպիտը դեմքին, Աշխենը բարևեց Շահյանին և աթոռ առաջարկեց, որ նստի։

Շահյանը ետ քաշեց աթոռը և նստեց։

— Կարծեմ, մենք խանգարեցինք ձեզ,— ասաց նա և իսկույն մտածեց, թե ինչո՞ւ արտասանեց «մենք» բառը։

— Ոչ, ես արդեն հոգնել էի,— պատասխանեց Աշխենը, լամպի պատրույգը մի քիչ ցածրացրեց և նստեց իր առաջվա տեղը։

Շահյանը լռեց։ Նա մտածում էր, թե այժմ ինչ ասի։

— Գիտե՞ք, օրիորդն ինձ զոռով քարշ տվեց այստեղ,— ասաց նա և ծիծաղեց։

— Ինչո՞ւ զոռով։ Չէի՞ք ուզում գալ։

— Ոչ... ընդհակառակը... Ուզում եմ ասել, որ փոքր-ինչ գործ ունեի... Ասենք, այնքան էլ կարևոր չէր։

Եվ Շահյանը նորից լռեց։

Աշխենը նույնպես չէր խոսում։ Նա, կարծես սաստիկ հոգնած, հանգստանում էր։ Սակայն դժվար էր որոշել՝ Աշխենը հոգնած էր, թե տխուր: Նրա երկայն դեմքն, ըստ սովորականին, խաղաղ էր վերին աստիճանի. կարծես մի ծանր վիշտ ուներ, որի հետ վաղուց հաշտվել էր, բայց որը խլել էր նրանից կյանքով և իր շրջապատով հետաքրքրվելու ընդունակությունը։ Նա նստած էր անբռնազբոսիկ կերպով, լուռ ու անտարբեր և, ըստ երևույթին, ամենևին ուշադրություն չէր դարձնում Շահյանի վրա։