ԱՐԱՄ.— ...մինչև որ բախտի անիվը հանկարծ դարձել է և առջևդ բաց է արել մի նոր կյանքի դուռ,— ըստ ամենայնի բախտավոր, բարեկեցիկ ու երջանիկ կյանքի, ինչպես տեսնում եմ այստեղ, քո շուրջը և քեզ վրա։ Խոստովանում եմ, ես երբեք չէի կարող այդպես զարդարել և շրջապատել քեզ այսպիսի շքեղությամբ, և դու...
ՖԼՈՐԱ (ծայրահեղ վրդովմունքի հանկարծական բռնկումով).— Լռի՛ր, Արամ, լռի՛ր, բավակա՛ն է։ Ո՞վ է իրավունք տվել քեզ ինձ վիրավորելու։ Ի՞նչ է նշանակում՝ ինձ ու ինձ վճռել եմ։ Ի՞նչ է նշանակում ջահել, գեղեցիկ այրի կին։ Ի՞նչես ուզում ասել դրանով։
ԱՐԱՄ (նույն հանգստությամբ).— Ոչինչ ավելի, քան այն, ինչ որ ասացի։
ՖԼՈՐԱ.— Ես քո լեզուն չեմ հասկանում։ Նայիր ուղիղ աչքերիս և պարզ ասա— ի՞նչ ես ուզում հասկացնել այդ ակնարկներով։
ԱՐԱՄ (շեշտակի նայում է նրա աչքերին զսպված, ներքին զայրույթով):— Ահա նայում եմ ուղիղ աչքերիդ և պարզ ի պարզո ասում (շեշտելով յուրաքանչյուր բառը).— դու շատ ես շտապել քեզ ազատ համարելու...
ՖԼՈՐԱ (զարմացած).— Ինչպե՞ս...
ԱՐԱՄ (շարունակելով).— Որովհետև ես դեռ կայի դեռ գոյություն ունեի։
ՖԼՈՐԱ (վրդովմունքով).— Ես գիտեի՞ այդ։
ԱՐԱՄ (ավելի հանգիստ). Իսկ դու գիտեի՞ր, որ չկամ։ Համոզվա՞ծ էիր, որևէ հաստատ ապացու՞յց ունեիր ձեռքիդ։
ՖԼՈՐԱ.— Ցուցակը...
ԱՐԱՄ.— Այո, անհետ կորածների, բայց ո՛չ սպանվածների։ (Սպանիչ հայացքով): Այնպես չէ՞։
ՖԼՈՐԱ (կարճ ժամանակ չի իմանում ինչ ասի, հետո հանկարծ սկսում է լալ).— Անխի՛ղճ, անաստված... Նրա՞ համար էին իմ այնքան տարիների զրկանքներն ու տառապանքները քո պատճառով և քեզ համար, որ դու վերջը գաս և վիրավորե՞ս իմ զգացումները։ Ամբողջ օրեր եմ մթնացրել քո մասին մտածելով, ամբողջ գիշերներ եմ լուսացրել անքուն, լալով քեզ համար, ամբողջ տարիներ ականջս ձենի է եղել, որ քո մասին մի լուր առնեմ. քրոջդ թուք ու մուրը կրել եմ անտրտունջ