Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քո խաթեր, և դու ասում ես, թե շա՞տ եմ շտապել։ Ամբողջ չորս տարի վշտի և հուսահատության մեջ սպասելը շատ շտապել է նշանակում, հա՞։ Լավ, մինչև ե՞րբ սպասեի։ Եվ ուրիշ ի՞նչ ապացույց կարող էի ունենալ, եթե ոչ այն, ինչ որ ինձ տվին և ասացին պաշտոնապես։ Եվ, վերջապես, չէ՞ որ այս բանն ես արեցի գլխավորապես քո զավակի համար, նա սոված էր, նա տկլոր էր, իսկ ես մենակ, անօգնական, հասկանո՞ւմ ես դու։ Իսկ դու բանն այնպես ես դուրս բերում, որպես թե ես օգտվել եմ առիթից և աշխատել եմ կարելույն չափ շուտ ազատվել քեզնից։ Այդպե՞ս ես ճանաչել ինձ մեր չորս տարվա կենակցության ժամանակ։ Եվ դու ասում ես, թե վրեժը չէ, որ քեզ բերել է ինձ մոտ։ Ահա՛ թե որտեղ երևաց այն ուրիշ բանը, որ ասել է քեզ քույրդ իմ մասին, ահա թե որ աստիճան դու կարևորություն չես տվել նրա ասածներին։ (Շարունակում է լալ)։

ԱՐԱՄ (կարճ լռությունից հետո).— Ֆլորա, հանգստացիր և խնդրում եմ ներիր ինձ։ Երկինքը վկա, ես ոչ մի վատ զգացումով չեմ եկել քեզ մոտ և բնավ միտք չունեի որևէ հանդիմանություն անելու քեզ հենց թեկուզ միայն նրա համար, որ այդ ավելորդ կլիներ և դրանով չէր դառնա անցյալը։ Բայց եթե, այնուամենայնիվ, անախորժ խոսքեր թռցրի բերնիցս, որոնց համար ես այժմ զղջում եմ, այդ պետք է վերագրես այն բանին, որ... (լացագին): Ֆլորա, հասկանո՞ւմ ես արդյոք, թե ինչ է կատարվում այս րոպեին իմ հոգու մեջ։ Չէ՞ որ դու իմն էիր, իմ հարազատը, իմ պաշտելին և թվում էր թե՝ իմ անբաժանելին։ Մինչդեռ ահա դու նստած ես այդտեղ, իմ հանդեպ, այդքան գեղեցիկ, այդքան ցանկալի ու ըղձալի ինձ համար, և ես իրավունք չունիմ նույնիսկ մատով շոշափելու քեզ, ու չգիտեմ ինչ անվանեմ քեզ։ Եվ իմ դժբախտության ամբողջ ահռելիությունը երբե՛ք չեմ զգացել այնպես ուժգին, այնպես ցավագին, ինչպես զգում եմ այժմ, այստեղ, քեզ մոտ, քեզ տեսնելով։ Ու միևնույն ժամանակ երբե՛ք այնպես ողորմելի, այնպես անզոր ու անկար չեմ զգացել ինձ, ինչպես այստեղ, այս օտար տան մեջ, ուր մտել եմ ես՝ չգիտեմ իբրև ինչ— իբրև օտարակա՞ն, իբրև անկոչ հյուր, թե՞ իբրև մի մուրացկան։ Չէ՞ որ իմ հինգ տարվա տաժանակիր խաչակրությունից ես վերադառնում էի այն հավատով, թե քո գրկի մեջ