պիտի թաղեմ ու մոռանամ իմ տեսած ու կրած բոլոր զարհուրանքները և պիտի վերապրեմ նոր կյանքի երազներով, մինչդեռ այդ գիրկը ես փակ եմ գտնում ինձ համար։ Իմ միակ հույսը, իմ միակ ապավենը, իմ փրկության խարիսխը դու էիր, մինչդեռ քո մեջ ես գտնում եմ միայն իմ վերջնական կործանումը, իմ գերեզմանը... (լռում է լացակումած):
ՖԼՈՐԱ (ծայր աստիճան հուսահատությամբ).— Ա՜խ, այս ի՜նչ դրություն է, տե՛ր իմ աստված...
ԱՐԱՄ.— Այո, հասկանում եմ, քեզ համար ևս ծանր է։ Բայց վնաս չունի, ես շուտով կգնամ և դու... Բայց ներիր, ես պարտավոր եմ կծել շրթունքներս, որպեսզի նորից մի ավելորդ խոսք չթռցնեմ բերնիցս։ Դու մեղավոր չես։ Բա՞խտը, ճակատագի՞րը։ Ոչ, այստեղ վերացականն էլ մեղ չունի։ Այստեղ մարդկային չարագործությունն է եկել իր դիվային խաղը խաղալու ինձ և ինձպես տասնյակ ու հարյուր հազարավորների հետ։ Ո՞ր սատանան կարող էր հնարել այն դժոխքը, որ ես տեսա, որի մեջ ապրեցի և որի հետևանքն ահա նստած եմ առջևդ։ Եվ իմ դժբախտությունը խո մենակ այն չէ, որ ես խեղանդամվել, անպետք ու անօգուտ մի կիսամարդ եմ դարձել և զրկվել եմ իմ բնից, իմ օջախից, իմ երջանկությունից։ Իմ թերևս ամենամեծ դժբախտությունն այն է, որ ես անզոր եմ միանգամայն, որ ես մի մոծակի չափ անգամ կարողություն չունիմ խայթելու նրանց, որոնք իմ այսքան դժբախտության պատճառը դարձան, մինչդեռ հոգուս մեջ այնպիսի մի կրակ է բորբոքվում, որ կարող է լափել ամբողջ աշխարհը։ Այդ կրակի ուժը առաջին անգամ ես զգացի այստեղ մտնելուց առաջ, այնտեղ, պարտեզում, երբ հեռվից տեսա քեզ գուրգուրելիս այն մանուկը... սայլակի մեջ... Ու չմոտեցա, որպեսզի ակամա... ոճրագործ չդառնամ...
ՖԼՈՐԱ (բնազդական սարսափով).— Արա՜մ... ես վախենում եմ քեզնից...
ԱՐԱՄ.— Անհոգ մնա։ Ես դեռ ևս խելքս չեմ կորցրել։ Ճիշտ է, ես գիտեմ, որ այդ տեսարանը մի անտանելի ծանր ու անվանելի մեղձավանջ պիտի դառնա ինձ համար, բայց և այնպես որոշել եմ պինդ պահել գիտակցությանս սանձը, և