ի՜նչ երջանիկ ժամանակներ էին։ Եվ այդ բոլորը գնաց, կորավ հավիտյան։ Խա՜չ բոլոր ցնորքների վրա...
Երկարատև ծանր լռություն։ Ներքին սենյակներից լսվում է Սուրիկի ձայնը, որ կանչում է՝ «Մամա՜, մամա»։
ՖԼՈՐԱ.— Ահա նա։ (Արագ դիմում է դեպի աջ դուռը և կանչում է դեպի դուրս): Սուրի՛կ այստեղ եմ, եկ այստեղ։
Ներս է վազում Սուրիկը մի թուղթ ձեռքին։ Նրա աչքերը վառվում են ուրախությունից։
ՍՈՒՐԻԿ.— Մամա՛, մամա՛ ջան, փոխվո՜ւմ եմ։ Տեսե՛ք։ (Տալիս է ձեռքի թուղթը):
ՖԼՈՐԱ.— Նախ ինձ ասա՝ որտեղ էիր մինչև այժմ։
ՍՈՒՐԻԿ.— Գնացի հայրիկի մոտ, որ վելոսիպեդն առնել տամ, այնտեղ չէր. մոռացել էի, որ այսօր տոն է։ Հետո ոչ մի տեղ չեմ գնացել, ուղղակի եկա տուն։ Մամա ջան, մամա, տեսե՛ք բոլորը 4 և 5 ունեմ։ Իսկ իմ զույգը մնաց։
ՖԼՈՐԱ (նայելով վկայականը).— Լավ է, շատ լավ է։ Եկ համբուրեմ։
ՍՈՒՐԻԿ (այն միջոցին, երբ մայրը համբուրում է, փսփսում է նրա ականջին).— Մամա, ո՞վ է այդ զինվորը։
ՖԼՈՐԱ (ծիծաղում է Արամին).— Կարծում է, թե զինվոր ես, (Երեխային): Եկ այստեղ։ (Նրա ձեռքից բռնած՝ մոտեցնում է Արամին) Գիտե՞ս ով է սա։ Սա այն հայրիկն է, որ պատերազմ էր գնացել, որի մասին, հիշո՞ւմ ես, շատ եմ պատմել քեզ։
ՍՈՒՐԻԿ (զարմացած նայում է Արամի աչքերին).— Այն հայրի՞կը...
ԱՐԱՄ (կծու հեգնանքով).— Այո, այն հայրիկը, ջանիկս, և ոչ նոր հայրիկը...
ՖԼՈՐԱ (շփոթվում է և շառագունում):
ՍՈՒՐԻԿ.— Բայց մաման ասում էր, թե դուք սպանված եք։
ԱՐԱՄ.— Մաման սխալվել է. ես միայն վիրավորված եմ եղել. այ տես (ցույց է տալիս կտրած ոտը):