Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՖԼՈՐԱ.— Հապա ուրիշ կերպ ի՞նչպես կարող է լինել։

ԱՐԱՄ.— Ես չգիտեմ, թե ուրիշ կերպ ինչպես կլինի, ես միայն գիտեմ և տեսնում եմ, որ երեխան կապված է և կապված էլ կմնա նրա հետ, ով կարող է իր համար... վելոսիպեդ առնել... (Ծանր լռություն):

Դիմացի դռնից մտնում է Ռուբենը՝ 40 տարեկան մի գեղեցիկ տղամարդ, պարարտ մարմնով, պենսնեով։


VI
Արամ, Ֆլորա և Ռուբեն:

ՖԼՈՐԱ (ծայրահեղորեն շփոթված՝ չի իմանում ինչ ասի):

ԱՐԱՄ (նայում է Ռուբենին սկզբում հետաքրքրությամբ, հետո ըստ երևույթին կռահելով թե ով է,— մռայլ հանգստությամբ):

ՌՈՒԲԵՆ (զարմացած մերթ նայում է կնոջը, մերթ հյուրին, հետո հանկարծ դիմելով երկուսին էլ)... Սպառեցեք... ես կարծես թե գուշակում եմ... (Արամին): Դուք...

ԱՐԱՄ (Հանկարծ վեր է կենում, պարզորեն ցույց տալով, որ ոչ մի խոսակցություն ու ծանոթություն չի ուզում ունենալ նրա հետ: Ֆլորային).— Ես կկամենայի մեկ էլ տեսնել երեխային։

ՖԼՈՐԱ.— Կանչեմ...

ԱՐԱՄ.— Ոչ, այստեղ չէ. առանձին, եթե կարելի է։

ՖԼՈՐԱ.— Շատ բարի։ (Զանգահարում է):

Մտնում է աղախինը:


VII
Արամ, Ֆլորա, Ռուբեն և աղախին:

ՖԼՈՐԱ.— Ո՞րտեղ է Սուրիկը, կանչիր այստեղ։

ԱՂԱԽԻՆ.— Պարտեզ գնաց։

ԱՐԱՄ (ցույց տալով պատուհանից դուրս).— Այնտեղ դիմա՞ցը։