Լա՜վ սյուրպրիզ է... Բայց ի՞նչպես է եղել այդ, շատ հետաքրքրական է։
ՖԼՈՐԱ.— Շատ հասարակ կերպով. մարդը վիրավորվել գերի է ընկել և հիմա վերադարձել է տուն։
ՌՈՒԲԵՆ.— Հետո՞։
ՖԼՈՐԱ.— Հետո ի՞նչ։ Հետո, ա՛յ, տեսնում ես, ես ոչ կենդանի եմ, ոչ մեռած։
ՌՈՒԲԵՆ.— Ինչո՞ւ։
ՖԼՈՐԱ.— Ի՞նչպես թե ինչու։ Մեկ մտածիր, թե ինչ դրություն է ստեղծվել ինձ համար... և քեզ համար նույնպես։
ՌՈՒԲԵՆ.— Գիտեմ— շատ հիմար դրություն։ Բայց ի՞նչ մեղավոր ես դու կամ ես։
ՖԼՈՐԱ.— Ես մեղավորության մասին չեմ խոսում։ Իհարկե, ոչ ես և ոչ էլ դու մանավանդ մեղք չունինք բախտի այս տարօրինակ խաղի մեջ։ Բայց որքան էլ ես ինձ անմեղ համարեմ, այնուամենայնիվ խո չեմ կարող չմտածել և չտեսնել, որ նա դժբախտացել է իմ պատճառով։ Չէ՞ որ ինձմով նա կորցրել է կին, զավակ, տուն-տեղ— մի ամբողջ օջախ, որի հիմքը նոր էր դրել այնքան սիրով, այնքան վառ հույսերով։
ՌՈՒԲԵՆ.— Սպասիր։ Ի՛նչ էիք խոսում իմ գալուց առաջ: Ի՞նչ էր ասում։
ՖԼՈՐԱ.— Ի՞նչ պիտի ասեր։ Իր դժբախտությունից էր խոսում, մեղադրում էր ինձ, թե շտապել եմ, չեմ սպասել։
ՌՈՒԲԵՆ.— Եվ դու չբացատրեցի՞ր, թե բանն ինչպես էր:
ՖԼՈՐԱ.— Բացատրեցի, իհարկե, բայց ի՞նչ օգուտ։
ՌՈՒԲԵՆ.— Խո չպահանջե՞ց, որ վերադառնաս իր մոտ։
ՖԼՈՐԱ.— Այդքան էլ անմիտ մի կարծիր նրան։ Նա շատ լավ հասկանում է, որ դրութունն այլևս անուղղելի է:
ՌՈԻԲԵՆ.— Ուրեմն էլ ի՞նչ։
ՖԼՈՐԱ.— Ուրեմն ա՛յն, որ դրանով դեռ ոչինչ չի պարզվում։ Ստեղծվել է մի մոգական շրջան, որի մեջ ինչքան ուզում ես պտտվիր, ելնելու հնար չկա։ Ճիշտ է, նա արդեն հաշտվել է իր դրության հետ, բայց այդ չի նշանակում, թե ես էլ, նա էլ մեր հաշիվներն արդեն վերջացած պիտի համարենք իրար հետ, մանավանդ որ մեր միջև կա մեր անցյալի կենդանի կապը— մեր զավակը։
ՌՈՒԲԵՆ (անհանգստացած).— Ես քեզ չեմ հասկանում,