ենք քեզ, ես մենք կպահենք քեզ»,— ի՞նչ կանես դու, եթե մի քիչ ինքնասիրության, մի քիչ պատվասիրության զգացում ունիս...
ՌՈՒԲԵՆ (քայլելով մտախոհության մեջ).— Ճիշտ է, ճիշտ է... Ասածս անհեթեթ բան էր...
ՖԼՈՐԱ.— Հեշտ բա՞ն է, ինչ է, մինչև հոգու խորքը խոցոտվտծ մարդու զգացումների հետ խաղալը։ Նա մինչև անգամ չկամեցավ տեսնել քո երեսը, և դու ուզում ես քո օգնությո՞ւնը առաջարկել նրան։
ՌՈՒԲԵՆ.— Ճշմարիտ է, իրավունք ունիս։ Ասածս հիմարություն էր։ (Հանկարծ կանգ առնելով): Բայց մի բան պիտի արվի՞ թե ոչ, ես, քանի գնում, տեսնում եմ, որ սա հանաք բան չէ, և այսպես թե այնպես վերջ պետք է տալ այս դրությանը։ Դու ասա ի՞նչ անենք կամ ի՞նչ կարող ենք անել։
ՖԼՈՐԱ (հուսահատորեն).— Ա՜խ, ես գիտե՞մ որ... Ուղեղս դառնում է այս մասին մտածելուց։
ՌՈՒԲԵՆ.— Ես մի բանից եմ միայն վախենում.— որ նա որքան էլ, ինչպես դու ես ասում, հաշտված լինի ստեղծված դրության հետ, այնուամենայնիվ իրավապես չի դադարում քո ամուսինը լինելուց և երբ ուզենա, կարող է պահանջել, որ վերադառնաս իր մոտ։
ՖԼՈՐԱ.— Այո՛...
ՌՈՒԲԵՆ.— Եվ եթե իսկապես պահանջի... Ասենք, ի՞նչ կարող է անել, քանի որ ես էլ նույնքան իրավունքներ ունիմ, որքան և նա։ Նա քո օրինավոր ամուսինն է, ես էլ. նա քեզնից զավակ ունի՝ ես էլ։ Թեև այս էլ պետք է ասած, որ այս բոլորը միայն խնդրի ձևական կողմն է, որը գրոշի արժեք չունի այս գործում, գոնե ինձ համար։ Գլխավորն այստեղ խնդրի բարոյական կողմն է, որ ամբողջովին կախված է քեզնից, այսինքն՝ քո կամքից, քո ցանկությունից, քո ընտրությունից։
ՖԼՈՐԱ.— Եվ դրա համար էլ ես եմ, որ մեջտեղը պիտի ճխլվեմ:
ՌՈՒԲԵՆ.— Ոչ, ինչո՞ւ։ Ես իմ կողմից պատրաստ եմ քեզ կատարյալ ազատություն տալու, որքան էլ այդ ծանր լինի ինձ համար։
ՖԼՈՐԱ.— Որովհետև գիտես, որ ես քեզ չեմ թողնիլ մանավանդ