Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ,— ինչո՞ւ պարզ չասեմ,— ես սոսկում եմ այն խեղճությունից, որ արդեն բավականաչափ քաշեցի։

ՌՈՒԲԵՆ.— Ուրեմ ինչո՞ւ պետք է մեջտեղը ճխլվես։

ՖԼՈՐԱ.— Որովհետև ես չեմ կարող քեզ թողնել և միևնույն ժամանակ չեմ կարող ձգել նրան մենակ իր դժբախտության հետ։ Միայն այն միտքը, որ նա այնտեղ մենակ, հաշմանդամ, իր նախկին ընտանեկան երջանիկ կյանքի կարոտը պիտի քաշի իմ պատճառով, միայն այդ միտքը բավական է, որ ես երբեք հանգիստ կյանք չունենամ:

ՌՈՒԲԵՆ.— Ուրեմն տեսնում ես, որ լավագույն միջոցն էլի իմ ասածն էր,— այսինքն՝ որ նա չմերժի մեր բարեկամությունն ու օգնությունը։ Ինքնասիրությունը ու պատվասիրությունը բնավ հիմք չունին այստեղ, քանի որ ոչ իմ, ոչ էլ քո կողմից ոչ մի դիտավորություն չի եղել նրան դժբախտացնելու, այլ նա զոհ է միայն հանգամանքների դժբախտ բերման։ Դու այս բանը պետք է հասկացնես նրան, և ես կարծում եմ, որ նա անընդունելի չպիտի համարի մեր առաջարկը, եթե չի ուզում մեզ ևս դժբախտացնել իր հետ։ Եվ լավ կլինի, որ այդ մասին նրա հետ խոսես հենց հիմա։ Նա էլ չի՞ մտնի այստեղ։ (Մոտենում է պատուհանին): Ահա նստած է պարտեզում Սուրիկին ծնկների մեջ առած և ինչ-որ խոսում է նրա հետ։

ՖԼՈՐԱ (որ քայլում էր մտախոհության մեջ, հանկարծ տեսնելով նրան պատուհանի մոտ).— Վա՛յ, Ռուբեն, այդ ի՞նչ ես անում։ Շուտ հեռացիր պատուհանից։

ՌՈՒԲԵՆ (զայրացած).— Ինչո՞ւ։

ՖԼՈՐԱ.— Սուրիկը կտեսնի քեզ և...

ՌՈՒԲԵՆ.— Արդեն տեսավ։

ՖԼՈՐԱ.— Ճի՞շտ...

ՌՈՒԲԵՆ.— Հորը թողեց և վազում է այս կողմը։

ՖԼՈՐԱ.— Օ՜հ, Ռուբեն, այդ ի՞նչ արիր... Օ՛հ, այդ ի՜նչ արիր... (Ընկնում է աթոռի վրա հուսահատ):

ՌՈՒԲԵՆ (զարմացած և վախեցած).— Ի՞նչ է որ։ Ի՞նչ պատահեց։

ՖԼՈՐԱ.— Ախր դու չգիաես. իմ կորուստը այնքան մեծ ցավ չէ նրա համար, որքան որդու կորուստը։

ՌՈՒԲԵՆ.— Ի՞նչպես թե կորուստը, ի՞նչ ես ասում։