ՍՈՒՐԻԿ.— Հա՛, չե՜մ հասկանում... Ինչի՞ս պետք է։ Մի ոտը չունի, առանց փայտերի չի կարողանում ման գալ, կեղտոտ։ Երեսին կարծես ասեղներ ունի ցցած, ամբողջ երեսս ծակծկեց։ Շինելից էլ զզվելի հոտ է գալիս։ Ի՞նչ եմ անում զինվոր հայրիկ։
ՌՈՒԲԵՆ.— Տեսնում ես, որ դու ոչինչ չես հասկանում։ Նա զինվոր չէ, նա օֆիցեր է։
ՍՈՒՐԻԿ.— Հա՛, ինչպես չէ, օֆիցե՜ր է... Օֆիցերը թուր չի ունենա՞, օֆիցերը ուսադիրներ չի ունենա՞։ Եվ, վերջապես, ինչի՞ նման է մի ոտանի օֆիցերը։
ՌՈՒԲԵՆ (հազիվ զսպելով ժպիտը): Դե որ ասում եմ հիմար ե՜ս։ Եկ գնանք ինձ մոտ, ես քեզ կբացատրեմ, թե ինչու նա թուր և ուսադիրներ չունի և ինչու նրա մի ոտը կտրված է։
Սուրիկի ձեռքից բռնած՝ դիմում է դեպի աջ կողմի դուռը։ Այդ միջոցին դրսից լսվում է ատրճանակի պայթյուն։
ՖԼՈՐԱ (ճչում է սաստիկ վախեցած):
ՌՈՒԲԵՆ.— Այս ի՞նչ էր: (Սուրիկի ձեռքը թողնելով, վազում է դեպի պատուհանը):
Դուրսը իրարանցում, աղմուկ, վազվզոց, սուլոց:
XIII
ՖԼՈՐԱ (գույնը նետած, երերվելով մոտենում է պատուհանին).— Ի՞նչ էր, Ռուբեն... ի՞նչ էր...
ՌՈՒԲԵՆ (կանչում է պատուհանից դուրսը).— Լսեցե՛ք... Չեք լսո՞ւմ... ի՞նչ պատահեց... ո՞վ էր... (Դրսից պատասխանում են, բայց ընդհանուր աղմուկի մեջ պարզ ոչինչ չի լսվում):
Աղախինը ներս է վազում գույնը նետած: